ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.07.2015 21:02
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
2015 թ. հունիսի 19-22-ը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները, առանց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերի պահպանման, Երևանի Ազատության հրապարակում կազմակերպել են հավաք և շուրջօրյա նստացույց: Վերոնշյալ անձինք հունիսի 22-ին անօրինական երթ են իրականացրել դեպի Բաղրամյան պողոտա՝ ամբողջությամբ արգելափակելով դրա տրանսպորտային և հետիոտնային երթևեկությունը, իսկ ժամը 20:00-ի սահմաններում երթը նույն վայրում վերածել են անժամկետ նստացույցի:
Ինչպես հավաքի, այնպես էլ երթի ու դրան հաջորդած շուրջ 10-ը ժամ նստացույցի ամբողջ ընթացքում ՀՀ ոստիկանությունը պարբերաբար իրականացրել է ՀՀ օրենսդրությանը և միջազգային չափանիշներին համահունչ նախազգուշական և կանխարգելիչ գործողություններ: Եվ միայն հունիսի 23-ի առավոտյան, հավաքը Ազատության հրապարակ տեղափոխելու տևական ապարդյուն բանակցություններից և անօրինական հավաքը դադարեցնելու վերաբերյալ անտեսված բազմաթիվ նախազգուշացումներից հետո, ՀՀ ոստիկանությունը ստիպված է եղել դադարեցնել հավաքը: Համաձայն նման դեպքերին հատուկ գործելակերպին՝ ՀՀ ոստիկանությունն անմիջապես նախաձեռնել է նաև իր աշխատակիցների գործողությունների իրավաչափության ստուգման ներքին ընթացակարգեր:
Չնայած դրան, նույն օրը երեկոյան, հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները նոր անօրինական հավաքի, դրան հաջորդած երթի, նստացույցի և ոչ իրավաչափ այլ գործողությունների միջոցով դարձյալ ամբողջությամբ կաթվածահար են արել Բաղրամյան պողոտայի և դրան հարակից փողոցների երթևեկությունը:
Նշված ժամանակահատվածից մինչ օրս ՀՀ ոստիկանությունը հանդուրժողականություն է դրսևորել Երևան քաղաքի հիմնական մայրուղիներց մեկի տևական արգելափակման, հավաքի վայր դրա անցկացման ժամանակ չօգտագործվող առարկաներ բերելու, ինչպես նաև բնակելի շինություններին հարող տարածքներում գիշերային ժամերին անձանց հանգիստը խանգարող աղմուկի նկատմամբ՝ հնարավորություն տալով հավաքի մասնակիցներին հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի կապակցությամբ արտահայտել իրենց դիրքորոշումը:
Միաժամանակ, ՀՀ ոստիկանությունը փաստում է, որ հավաքների ազատության իրավունքի ցանկացած դրսևորում, անկախ դրա բնույթից, մասնակիցների պահանջների էությունից կամ այդ պահանջների բավարարման կապակցությամբ վերջիններիս վերաբերմունքից, պետք է համապատասխանի ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի վերաբերելի դրույթներին:
Այս առումով հավաքների ազատության իրավունքը, նախ և առաջ, չունի և չի կարող ունենալ բացարձակ բնույթ, և ժողովրդավարական հասարակությունում կարող է սահմանափակվել ի շահ հասարակական կարգի պահպանության կամ այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության, ներառյալ՝ բնականոն երթևեկության ապահովման:
Օրենսդրական կարգավորումներից պարզորոշ հետևում է նաև, որ ցանկացած հավաք ունի սկիզբ և ավարտ, այսինքն՝ պետք է կրի ժամանակավոր բնույթ: Բացի այդ, հավաքների ազատության իրավունքի բովանդակությունն իր մեջ չի ներառում հավաքի ընթացքում հնչեցվող պահանջի բավարարումը:
Միաժամանակ ՀՀ ոստիկանությունը կարևորում է այն հանգամանքը, որ հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները բավարար ժամանակ են ունեցել իրենց պահանջները բարձրաձայնելու, ինչպես նաև հանրությանը, իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց դրանք ներկայացնելու համար:
Այս պայմաններում Երևան քաղաքի տրանսպորտային հիմնական խողովակներից մեկը, որն օրական ապահովում է մի քանի տասնյակ հազար մարդկանց տեղաշարժը, ներառյալ՝ աշխատելու, հանգստի և անհրաժեշտ այլ պահանջմունքների բավարարումը, շարունակում է անորոշ ժամանակով արգելափակված մնալ: Ավելին, Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասում և մայթերին տեղադրված են հասարակական տրանսպորտի և հետիոտների ազատ տեղաշարժը սահմանափակող առարկաներ կամ այլ արգելապատնեշներ: Ի վերջո, քաղաքի մշտապես ծանրաբեռնված մայրուղիներից մեկը տևական ժամանակով փակվել և օգտագործվում է ազատ ժամանցի կամ սպորտային ու մշակութային միջոցառումներ կազմակերպելու նպատակով:
Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստերը և դրանց տրված իրավական գնահատականները, ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտան տևական ժամանակով և ամբողջությամբ արգելափակելու հանգամանքն իր բնույթով և առաջացրած հետևանքներով անհամաչափ սահմանափակում է այլ անձանց սահմանադրական իրավունքները և հանրության շահերը:
Ուստի, ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին դրսևորել ողջախոհություն, հարգել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, այլոց իրավունքներն ու օրինական շահերը և ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ տասն օր տևող արգելափակումը: Միաժամանակ ՀՀ ոստիկանությունը հորդորում է հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին.
- Հետագայում հնարավոր հանրային միջոցառումներն անցկացնել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանմամբ,
- ՀՀ ոստիկանության հետ բանակցությունների արդյունքում հավաքը տեղափոխել այլ վայր:
Հակառակ դեպքում ՀՀ ոստիկանությունը ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները:
ՀՀ ոստիկանությունը լիահույս է նաև, որ վերջին օրերին խաթարված հասարակական կարգը, հանրային կառույցների բնականոն գործունեությունը, ինչպես նաև անձանց խախտված իրավունքները հնարավոր է վերականգնել բարի կամքի դրսևորման և փոխըմբռնման մթնոլորտում` առանց հարկադրանքի կամ ուժային գործողությունների:
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն