ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.02.2019 14:29
Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերեցին տասնյակ գողություններ կատարած անձին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փետրվարի 2-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում գողության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Զանգահարողը Աղավնատուն գյուղի բնակիչ էր։ Հայտնում էր, որ ավտոտնակից գողացել են աշխատանքային գործիքներ, զոդող և էլեկտրական սարքեր։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզեցին, որ ավտոտնակի դարպասը բացել են տեխնիկական միջոցների գործադրմամբ։ Պոկել էին կախովի կողպեքն ու անարգել ներս մտել։
Դեռ 2018 թվականի ապրիլ-մայիսից սկսած Վաղարշապատի ոստիկանությունում, Աղավնատուն գյուղի տարածքում գողության վերաբերյալ ահազանգեր էին ստացվել։ Մի քանի անգամ գողացել էին էլեկտրասնուցման ենթակայաններից բջջային օպերատորների ծածկույթն ապահովող աշտարակների թնկարժեք մալուխներ։ Հենց ենթակայանից պարզապես կտրել ու տարել էին տարբեր երկարության մալուխ՝ մի անգամ 10 մետր, մի անգամ՝ 40, մեկ ուրիշ անգամ 100 մետր և այլն։
Ոստիկանությունում ստացվել էին նաև Աղավնատան առանձնատներից կատարված գողությունների վերաբերյալ ահազանգեր։ Մաթևոսյան փողոցի 24-րդ տնից, տարբեր ժամանակահատվածներում գողացել էին սառնարան, լվացքի մեքենա, գազային ջրատաքացուցիչ և կենցաղային այլ իրեր։
Գյուղի Երիտասարդական 3-րդ փողոցի տներից մեկի օժանդակ շինության մուտքի դռան կախովի կողպեքը կոտրել էին, մտել ներս ու գողացել շուրջ 500 հազար դրամի հաստոցներ, եռաֆազ հոսանքի հաշվիչ ու երկու պոմպ։
Գողության բոլոր դեպքերով հարուցվել էին քրեական գործեր։
Վաղարշապատի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարբերաբար օպերատիվ տեղեկություններ էին ստացվում հանցագործությունները կատարած հնարավոր անձանց վերաբերյալ։ Հետևողականորեն ուսումնասիրվում էին բոլոր վարկածները։
Ի վերջո, փետրվարի 7-ին, արդեն անհերքելի փաստերով զինված, քրեական հետախույզները գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Աղավնաձոր գյուղի մի բնակչի, որի անձնական տվյալները, նախաքննության շահերից ելնելով, չենք ներկայացնում։
Բացատրական աշխատանքների արդյունքում, նա ոստիկաններին հայտնեց, որ նախկինում կատարել է մի շարք գողություններ Արամավիրի մարզի Ծիածան, Արշալույս, Խորոնք, Ամբերդ և այլ համայնքներից։
Վաղարշապատի ոստիկանների ջանքերով հայտնաբերվել է գողոնի մի մասը։
Քննությունը շարունակվում է։