ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.05.2017 18:44
«Վերջին զանգի» օրը ոստիկանությունը ողջ ծավալով ապահովելու է հասարակական կարգը, պահպանելու է տոնական հանդիսությունների մասնակիցների և քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները
Եվս մի քանի օր՝ ու մեր ավագ դպրոցներում կհնչի «Վերջին զանգը»՝ խորհրդանշելով երեկվա դպրոցականների մուտքը մեծ կյանք և հիշեցնելով, որ սա բոլորիս տոնն է, ու տոնականությունը պիտի պահպանվի հանրային պատասխանատվությամբ:
Ոստիկանւթյունը մեծ բաժին ունի այդ գործում և ողջ ծավալով ապահովելու է հասարակական կարգը, պահպանելու է տոնական հանդիսությունների մասնակիցների և քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները:
Արդեն կայացած ավանդույթի համաձայն՝ այս օրերին ճանապարհային և համայնքային ոստիկանության ծառայողները, անչափահասների գործերով տեսուչները հանդիպումներ են անցկացնում մանկավարժների, ծնողների, աշակերտների հետ, կրկին հիշեցնում տոնին հասարակական կարգը, երթևեկության անվտանգությունը, փոխհանդուրժողականության կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին:
Մեր համաքաղաքացիներին կոչելով բարձր իրավագիտակցության՝ ոստիկանությունը դիմում է հատկապես ծնողներին. տրանսպորտային միջոցներ մի տրամադրեք անչափահասներին, հարկ եղած դեպքում դուք վարեք մեքենան, զանգվածային միջոցառումների ժամանակ համագործակցեք ուսուցիչների, ոստիկանության ծառայողների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:
Շրջանավարտներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ավտոմեքենա վարելու արկածախնդրությունից, հասարակական վայրերում հարգալից լինել միմյանց ու հանրության հանդեպ, տոնական հրավառություն կազմակերպել միայն օրենքով սահմանված կարգով, կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները:
Տոնական օրվա առավոտից ոստիկանության ստորաբաժանումները ուժեղացված ծառայություն են իրականացնելու զանգվածային միջոցառումների վայրերում:
Արվելու է ամեն ինչ հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Որևէ ներողամտություն չի ցուցաբերվելու օրինազանցության նկատմամբ: Դրսևորելով օրինաչափ խստություն, անհանդուրժողականություն ու պահանջկոտություն՝ հասարակական կարգի խախտումները կանխվելու են տեղում, օրինազանցների ավտոմեքենաները տեղափոխվելու են հատուկ պահպանվող տարածք, իրավախախտները ենթարկվելու են պատասխանատվության:
Ակնկալելով հանրության ըմբռնումն ու աջակցությունը՝ կրկին կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին՝ միասնաբար անենք առավելագույնը մեր երեխաների տոնը թեկուզ չնչին միջադեպով չմթագնելու համար:
Շնորհավորում ենք շրջանավարտներին ու բոլորիս՝ «Վերջին զանգի» տոնի առթիվ: