ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.06.2019 13:55
Ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են արձանագրել
 
«Հետախուզում 2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում հունիսի 14-ին ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրիի Հ.Սարգսյան փողոցի բնակիչ Համլետ Պ-ն տանն ապօրինի կանեփ է աճեցնում: 
Քրեական հետախույզները ժամը 15.30-ի սահմաններում, նշված տան բակում կատարված զննությամբ, հայտնաբերել են 85 հատ, 3 կգ ընդհանուր կշռով, կանեփի ցողուններ: 
Համլետ Պ-ն հայտարարել է, որ հայտնաբերված կանեփի մի մասը մշակել է անձամբ, իսկ մյուսները վայրի աճած ցողուններ են, որոնք քաղել է իր բակից՝ հետագայում ծխելու համար: 
Նուն օրը, ժամերի տարբերությամբ, ապօրին թմրանյութ պահելու և օգտագործելու մի դեպք էլ արձանագրել են ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները: Ժամը 21.00-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Հույսի Ավան 5-րդ փողոցի տներից մեկում կանեփ են աճեցրել: Մեկնած օպերատիվ խմբին նշված տան բնակիչ Գևորգ Հ-ն ներկայացրել է երկու պլաստիկ տարա՝ յուրաքանչյուրի մեջ աճեցված կանեփանման 5 բույս, որոնք ըստ նրա պատկանում են իրեն, խնամում է իր օգտագործման համար: 
Երկու դեպքով էլ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: 
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
   
		





















































