ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.05.2016 13:46
Մայիսի 28՝ Հանրապետության օր (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մայիսը ճակատագրական ճակատամարտերի ամիս է: Ու թերևս ամենաճակատագրականը Սարդարապատն է, որ գոյատևման կռիվ էր, սակայն հաղթանակով դարձավ մեր ժողովրդի ինքնության խորհրդանիշ:
1918 թվականի մայիսին հայ ժողովրդի միասնական կամքը ոչ միայն լինելության խնդիր լուծեց, այլև վերականգնեց հայոց պետականությունը:
Հաղթեցինք մայիսյան հերոսամարտերում ու դարավոր երազանքից իրականություն դարձավ Հայաստան պետությունը:
Հետո բազում փորձություններով էր անցնելու Հայաստանի Հանրապետությունը, ունենալու էր կորուստներ ու նվաճումներ, խառնակ ժամանակներ ու հաղթության բարձունքներ, հայ զինվորը մտնելու էր Բեռլին ու Շուշի, Հայաստանը վերահաստատելու էր իր տեղը քաղաքակրթության մեծ ընտանիքում, իսկ մեկնակետը մնալու էր նույնը՝ 1918 թվական, մայիսի 28…
Համարյա հարյուրամյա ծննդյան օր, որի մեծ խորհուրդը ոչ միայն պահպանում ենք հավատարմորեն, այլև բազմապատկում մեր Հայաստան Հայրենիքի նվաճումներով:
Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա իննսունութերորդ տոնակատարությունը ավանդաբար մեծ շուքով նշվեց նաև այս տարի:
Եվ այս տարեդարձին էլ Սարդարապատում ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհեցին հաղթանակն ու հավերժումը խորհրդանշող հուշակոթողին:
Կրկին հավաստելով, որ մեր ուժը մեր հավաքականությունն է, մեր զորությունը՝ մեր հավատը, մեր գոյության կերպը՝ 98-ամյա ու միշտ նորոգ Հայաստան պետությունը: