ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.04.2019 17:59
Նոր Նորքի ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերել են մորը սպանելու մեջ կասկածվող երիտասարդին /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ապրիլի 1-ին՝ ժամը 20-ն անց 50-ի սահմաններում, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդեցին, որ կանչով մեկնել են Գայի պողոտայի 1-ին շենքի թիվ 31 բնակարան, որտեղ կնոջ դի կա։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները պարզեցին, որ 49-ամյա կնոջը դանակահարել են։ Բնակարանում հայտնաբերեցին արնանաման հետքեր և արնանման հետքերով դանակ, որը, նախնական վարկածով՝ հանցագործության գործիքն է։ Հարուցվեց քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Նոր Նորքի քրեական հետախույզները տեղում պարզեցին, որ կնոջից բացի տանը եղել են նրա որդիները, որոնցից ավագը չկար։ Կինը դանակահարվել էր խոհանոցում։ Այդ ժամանակ փոքր որդին հյուրասենյակում էր եղել և արդեն դանակահարված մոր ճիչերն էր լսել։ Վարկած առաջ քաշվեց, որ կնոջը դանակահարել է ավագ որդին։
Հետագա միջոցառումներով իրավապահների կասկածները հիմնավորվեցին։ նոր Նորքի ոստիկանները սկսեցին 25-ամյա Հակոբ Խանամիրյանի որոնումները։ Երիտասարդին րոպե առաջ հայտնաբերելու նպատակով ձևավորվեցին օպերատիվ խմբեր, որոնք, սանրեցին ողջ վարչական շրջանը։ Արդյունքում դեպքից մեկ ժամ էլ չանցած որոնվողը հայտնաբերվեց Նոր Նորքի Դավիթ Մալյան փողոցում և սպանության կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Հակոբ Խանամիրյանը ոստիկանությունից ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող տարածքային քննչական բաժին, որտեղ ձերբակալվել է։
Դեպքի հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: