ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.10.2016 17:41
Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հոկտեմբերի 4-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանին:
Զանգահարել է Հայաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացին և հայտնել, որ Հայաստան է ժամանել 2 շաբաթ առաջ, ցանկանում է տեղեկանալ, թե կարո՞ղ է դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Քաղաքացուն պարզաբանվել է գործող կարգը: Քանի որ զանգահարողը ազգությամբ հայ է, ապա վերջին 3 տարին Հայաստանում բնակվելու պարտադիր պահանջը նրա վրա չի տարածվում: Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար նա կարող է դիմել անձնագրային և վիզաների վարչություն՝ ներկայացնելով օտարերկրյա պետության անձնագիրը և անձնագրի հայերեն թարգմանությունը՝ հաստատված նոտարական կարգով, ծննդյան վկայականը՝ իր կամ ծնողների ազգությամբ հայ լինելու մասին նշումով, և 3.5x4.5 չափսի գունավոր 6 լուսանկար: Եթե ծննդյան վկայականում ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում առկա չէ, բացի ծննդյան վկայականից անհրաժեշտ է ներկայացնել նաև օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերից որևէ մեկը: Դիմումը և հարցաթերթիկը քաղաքացին լրացնելու է տեղում:
Ռուսաստանից զանգահարած կինը հայտնել է, որ երեխան ծնվել է 1999 թվականին, նրա ծնվելու պահին ինքը հանդիսացել է Հայաստանի քաղաքացի, իսկ ամուսինը չի ունեցել որևէ երկրի քաղաքացիություն, քանի որ բռնագաղթելով Ադրբեջանից՝ ստացել էր փախստականի կարգավիճակ: Կինը ցանկանում էր տեղեկանալ, թե երեխան կարո՞ղ է ստանալ Հայաստանի քաղաքացու անձնագիր:
Նրան պարզաբանվել է «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի պահանջը, ըստ որի՝ երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին Հայաստանի քաղաքացի է, իսկ մյուսը քաղաքացիություն չունեցող անձ, ապա ձեռք է բերում Հայաստանի քաղաքացիություն: Հետևաբար, երեխայի անձնագրավորման համար որևէ իրավական արգելք առկա չէ:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: