ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.09.2016 18:31
Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 27-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանին:
Արտերկրից զանգահարած քաղաքացին հայտնել է, որ վարորդական վկայականի փոխանակման համար պետք է գա Հայաստան: Նրան հետաքրքրում էր, թե կարո՞ղ է նաև կնոջ անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշման ժամկետը երկարաձգել` առանց նրա ներկայության:
Քաղաքացուն պարզաբանվել է, որ այդ գործողության համար նա կարող է դիմել նաև լիազորված անձի միջոցով: Ընդ որում, պարտադիր չէ, որ լիազորագիրը հաստատված լինի նոտարական կարգով. այն կարող է ներկայացվել նաև գրավոր: Քաղաքացուն տրվել է նաև լիազորագրի բովանդակությունը:
Ռուսաստանից զանգահարած քաղաքացին հայտնել է, որ իր անձնագրի ժամկետը լրացել է, ինքը կարո՞ղ է լիազորված անձի միջոցով դիմել նոր անձնագիր ստանալու համար: Նրան պարզաբանվել է, որ 16 տարին լրացած անձը անձնագիր ստանալու համար պետք է դիմի անձամբ: Բացառություն է սահմանված միայն անգործունակների համար: Տեղեկացվել է նաև, որ պարտադիր չէ անձնագիր ստանալու համար գալ Հայաստան: Կարող է դիմել նաև օտարերկյա պետությունում գտնվող Հայաստանի դիվանագիտական ծառայություն: Տրամադրվել է նաև արտգործնախարարության կայքի հասցեն՝ մանրամասն տեղեկություններ ստանալու համար:
Ֆրանսիայից զանգահարած քաղաքացին էլ հայտնել է, որ երեխաների անձնագրերը ստանալու համար դժվարությունների առաջ է կանգնած՝ ամուսնուց երկար տարիներ տեղեկություններ չունենալու պատճառով:
Ոստիկանության ներկայացուցիչը կապ է հաստատել արտգործնախարարության հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանի հետ և համատեղ քննարկման արդյունքում խնդրին տրվել է լուծում:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: