ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.09.2015 12:21
Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 1-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Զանգահարել է ԱՄՆ-ում բնակվող Հայաստանի քաղաքացին և տեղեկացրել, որ Երևանում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանում, իր թույլտվությամբ, բնակվում են այլ անձինք, ովքեր իր դիմումի համաձայն հանվել են հաշվառումից, սակայն վերջերս տեղեկացել է, որ նրանք, առանց իր թույլտվության, կրկին հաշվառվել են նշված հասցեում: Քաղաքացուն պարզաբանվել է, որ եթե անձը հաշվառվելիս չի կարող ներկայացնել սեփականության վկայական կամ օգտագործման իրավունքի վկայական կամ սեփակատերերի գրավոր համաձայնություն, վերջինիս հաշվառումն իրականացվում է ՀՀ ոստիկանության կողմից իրականացված ստուգման արդյունքում: Փաստացի բնակության հանգամանքը հաստատվելուց հետո անձը հաշվառվում է դիմումում նշված հասցեում: Տեղեկացվել է նաև, որ բնակելի տարածությունում հաշվառված լինելու հանգամանքը չի կարող ոչ բարենպաստ հետևանքներ առաջացնել օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված սեփականության իրավունքի հետ կապված: Սեփականատերը ցանկացած ժամանակ իրավասու է իր դիմումի համաձայն հաշվառումից հանելու այն անձանց, ովքեր տվյալ բնակելի տարածությունում չունեն օգտագործման կամ սեփականության՝ օրենքով սահմանված կարգով գրանցված իրավունք:
Զանգահարել է Ռուսաստանում գտնվող քաղաքացին և տեղեկացրել, որ ինքը 21 տարեկան է, ծնվել է ՌԴ-ում, չունի որևէ երկրի քաղաքացիություն: Ծնվելու պահին ծնողնեը հանդիսացել են Հայաստանի քաղաքացիներ: Այժմ ցանկանում է տեղեկանալ Հայաստանի քաղաքացիություն ստանալու կարգի մասին: Նրան պարզաբանվել է, որ Հայաստանի քաղաքացիներից ծնված երեխան, անկախ ծնվելու վայրից, օրենքի ուժով ձեռք է բերում Հայաստանի քաղաքացիություն: Նշված դեպքում քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու անհրաժեշտությունը բացակայում է: Եթե անձը նույնսիկ 16 տարին լրանալու կապակցությամբ անձնագիր չի ստացել, այն խոչընդոտ չէ հետագայում Հայաստանի քաղաքացու՝ օրենքով սահմանված իրավունքը իրացնելու համար:
Զանգահարել է ՌԴ-ում բնակվող Հայաստանի քաղաքացին և տեղեկացրել, որ իր ազգականը հյուպատոսական ծառայության կողմից ստացել է կենսաչափական տվյալներ պարունակող ՀՀ քաղաքացու անձնագիր: Ներկայումս մտադիր է գալ Հայաստան և ցանկանում է տեղեկանալ, թե Հայաստանում ժամանակավոր բնակվելու համար անհրաժե՞շտ է պարտադիր ստանալ նույնականացման քարտ, որը նաև իրավունք կտա վերադառնալ Ռուսաստան: Նրան տեղեկացվել է, որ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում նույնականացման քարտ չի տրամադրվում: Այն դեպքում, երբ անձը ստացել է Հայաստանի քաղաքացու կենսաչափական տվալներ պարունակող անձնագիր՝ կարող է նշված փաստաթղթով վերադառնալ Հայաստան, բնակվել և առանց նույնականացման քարտ ստանալու վերադառնալ ՌԴ:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: