ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.12.2015 18:30
Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դեկտեմբերի 8-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին:
Օտարերկյա պետությունից զանգահարած քաղաքացին հայտնել է, որ իր երեխայի 16 տարին դեռ չի լրացել, նրա համար դիմել և ստացել են Հայաստանի քաղաքացու անձնագիր՝ 3 տարի վավերականության ժամկետով: Քաղաքացին խնդրել է տեղեկացնել, թե կարո՞ղ են դիմել՝ անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար: Նրան պարզաբանվել է, որ մինչև 16 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչև 16 տարեկան, ինչպես և 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով:
Այսինքն, նշված դեպքում պետք է դիմել նոր անձնագիր ստանալու համար:
Հայաստանից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ լրատվամիջոցներով հրապարակումներ են եղել, թե իբր Գյումրիում դաժան սպանդի զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի բոլոր չափահաս անձանց տվյալներն առկա են եղել քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում: Քաղաքացին խնդրում էր հստակեցնել հարցը. չէ՞ որ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներն անխոցելի են և ամեն ինչ արվել է դրանք ճշգրտելու ուղղությամբ:
Զանգահարողին տեղեկացվել է, որ շրջանառված լուրը ապատեղեկատվություն է, մահացած բոլոր անձինք հանված են եղել բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից և նրանց տվյալներն առկա չեն եղել քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում: Մասնավորապես, Արաքսյա Անդրանիկի Պողոսյանը, Արմեն Սերյոժայի Ավետիսյանը և Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը հաշվառված են եղել Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188 տանը: Քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում նշված հասցեով առկա են եղել միայն Կարինե Ռոբերտի Ավետիսյանը և Լիանա Ռոբերտի Մինասյանը, ովքեր մահացած չեն: Աիդա Սերյոժայի Ավետիսյանը և Սերյոժա Կարապետի Ավետիսյանը հաշվառված են եղել Գյումրիի Երևանյան խճուղու 1Ա շենքի 12 բնակարանում: Նշված հասցեով քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակում առկա է մեկ այլ անձի տվյալ:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: