ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.09.2016 17:55
Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 6-ից ոստիկանությունում վերսկսվեց skype-ի միջոցով ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ և այս անգամ էլ զանգահարողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանին:
Օտարերկրյա պետությունից զանգահարած քաղաքացին հայտնել է, որ դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար: SMS հաղորդագրությամբ ստացել է անհատական ծածկագիրը և հաղորդում այն մասին, որ իր դիմումը մուտքագրվել է վարչություն: Քանի որ ինքը մեկնել է Հայաստանից և հեռախոսահամարը անջատված լինելու պատճառով SMS հաղորդագրություն ստանալ չի կարող, ցանկանում էր տեղեկանալ, թե ինչ եղանակով կարող է ծանոթանալ իր դիմումի հետագա ընթացքին:
Քաղաքացուն տեղեկացվել է, որ կարող է ոստիկանության պաշտոնական police.am կայքի միջոցով մուտք գործել «Հետևեք ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու դիմումի ընթացքին» բաժին, մուտքագրել անհատական ծածկագիրը, ծննդայն տարին, ամիսը և էլեկտրոնային եղանակով ծանոթանալ իր դիմումի ընթացքին:
Հայաստանից զանգահարած քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ անձնագրային գործողությունների համար գանձվող պետական տուրքերի չափին, ինչպես նաև այն գործողություններին, որոնց համար տուրք չի գանձվում:
Քաղաքացուն պարզաբանվել է հետևյալը. անձնագրային ծառայությունների կողմից ծառայություններ մատուցելիս, երբ կոնկրետ գործողության համար սահմանված է պետական տուրքի գանձում, անհրաժեշտ է ներկայացնել պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր (կանխիկ վճարումներ չեն ընդունվում): Վճարումները քաղաքացին կարող է կատարել ծառայություններում տեղադրված վճարահաշվարկային տերմինալներով, բանկերում կամ պետական տուրքի գանձումներ ընդունող այլ կազմակերպություններում: Պետական տուրքից բացի միջնորդավճարները չեն մտնում պետական տուրքի գումարի մեջ և դրա չափի համար ոստիկանությունը պատասխանատու չէ:
Քաղաքացուն ներկայացվել են նաև պետական տուրքի դրույքաչափերը: Այսպես,
- հին նմուշի անձնագիր՝ 1.000 դրամ,
- հին նմուշի անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու յուրաքանչյուր մեկ տարվա համար՝ 1.000 դրամ,
- նույնականացման քարտ՝ 3.000 դրամ,
- կենսաչափական անձնագիր՝ 25.000 դրամ,
- 16 տարին լրացած անձի հաշվառում՝ 1.000 դրամ,
- 16 տարին լրացած անձի հաշվառման տեղեկանք՝ 1.000 դրամ:
Պետական տուրք չի գանձվում հետևյալ գործողությունների համար.
- հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելիս,
- հանրային ծառայությունների համարանիշ ստանալիս,
- 16 տարին չլրացած երեխային հաշվառելիս,
- 16 տարին չլրացած երեխային հաշվառման տեղեկանք տրամադրելիս,
- հին նմուշի անձնագիրը 16 տարեկանը լրանալուց հետո առաջին անգամ տրամադրելիս,
- հին նմուշի անձնագիրը աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամին տրամադրելիս,
- նույնականացման քարտը աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամին տրամադրելիս,
- նույնականացման քարտն առաջին անգամ տրամադրելիս, եթե 16 տարին լրանալուց հետո անձը չի ստացել Հայաստանի քաղաքացու անձնագիր,
-հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս, երբ դիմողը միայնակ
կենսաթոշակառու է, կամ առաջին և երկրորդ խմբի հաշմանդամ է, կամ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվող անձ է:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: