ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.10.2015 09:30
Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հոկտեմբերի 6-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Ռուսաստանից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ իր անչափահաս երեխայի անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, ցանկանում է դիմել նրա անձնագիրը ստանալու համար, սակայն չի կարող մեկնել Մոսկվա՝ հյուպատոսական ծառայությունում դիմում ներկայացնելու, քանի որ իր անձնագրի օտարերկրյա պետությունում վավերականության նշման ժամկետը նույնպես լրացել է: Ինքը կարո՞ղ է լիազորված անձի միջոցով անձնագիրն ուղարկել Հայաստան՝ համապատասխան նշում կատարելու համար: Քաղաքացուն պարզաբանվել է, որ անձնագիր ստանալու համար անձը պարտադիր պետք է դիմի անձամբ, իսկ հին նմուշի անձնագրում վավերականության նշում կատարելու գործողությունը հնարավոր է իրականացնել նաև լիազորված անձի միջոցով:
Ռուսաստանից զանգահարած մեկ այլ քաղաքացի էլ հայտնել է, որ երեխայի հետ ժամանելու է Հայաստան և ցանկանում է տեղեկանալ, թե հնարավո՞ր է 1-օրյա ժամկետում փոխանակել երեխայի անձնագիրը Կապանի անձնագրային ծառայությունում, քանի որ բնակվում և հաշվառված են այնտեղ: Նրան տեղեկացվել է, որ 1-օրյա ժամկետում երեխայի՝ առանց կենսաչափական տվյալների անձնագիր ստանալու համար կարող են դիմել միայն անձնագրային և վիզաների վարչություն, իսկ նույն ժամկետում կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու դեպքում՝ Երևանի ցանկացած անձնագրային ծառայություն:
Ռուսաստանի Դաշնությունում գտնվող մեկ այլ քաղաքացի էլ տեղեկացրել է, որ 2008 թվականին լրացել է իր անձնագրի ժամկետը, որը ստացել էր մինչև 16 տարին լրանալը: Եվ քանի որ բնակվում է Օմսկում, ապա չի կարող ներկայանալ հյուպատոսական ծառայություն՝ անձնագիր ստանալու դիմում ներկայացնելու: Քաղաքացուն փոխանցվել են արտգործնախարարության կոնտակտային տվյալները, որպեսզի պարզի հյուպատոսի՝ տարբեր մարզեր մեկնելու ընդունելության օրերը: Զրույցի ընթացքում պարզվել է նաև, որ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում չունի հաշվառում: Հաշվի առնելով, որ առանց հաշվառման անձնագիր չի տրամադրվում, նրան տեղեկացվել է նաև անձնագիր ստանալու համար դիմելիս միաժամանակ օտարերկրյա պետության բնակության հասցեով հաշվառման դիմում ներկայացնելու իրավունքի մասին:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: