ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.11.2015 14:13
Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 3-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Ռուսաստանից զանգահարած Հայաստանի քաղաքացին հայտնել է, որ իր երեխան ծնվել է այնտեղ, ներկայումս 2 տարեկան է, ցանկանում է նրա համար ստանալ Հայաստանի քաղաքացու անձնագիր, սակայն չի կարող գալ Հայաստան և տեղեկացված էլ չէ, թե որ մարմնին պետք է դիմի այդ խնդրով: Նրան պարզաբանվել է, որ օտարերկյա պետությունում գտնվելու դեպքում Հայաստանի քաղաքացիները անձնագիր ստանալու հարցով կարող են դիմել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայություններ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զանգահարողը բնակվում է դիվանագիտական ծառայությունից բավականին հեռու, նրան փոխանցվել են ԱԳՆ կոնտակտային տվյալները, որպեսզի պարզի հյուպատոսի տարբեր մարզեր մեկնելու ընդունելության օրերը:
Հայաստանից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները ստուգելիս պարզել է, որ իր հարևանը 2 տարուց ավել է տունը վաճառել է այլ անձի, սակայն նրա տվյալներն առկա են ցուցակում: Զանգահարողը նախ ցանկանում էր ճշտել, թե որքանով է իրավաչափ իր կողմից այլ անձի վերաբերյալ տեղեկություններ հայտնելը: Բացի այդ, պահանջում էր ճշգրտում նշված խնդրի կապակցությամբ: Քաղաքացուն պարզաբանվել է ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջը, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները, այդ թվում` դիմողի անձին չվերաբերող, վերացնելու մասին դիմելու ՀՀ ոստիկանություն: Այսինքն, ցուցակների ճշգրտման շրջանակներում այլ անձի վերաբերյալ հայտնվող տեղեկատվությունը նույնպես ենթակա է քննարկման:
Ինչ վերաբերում է բնակելի տարածությունը վաճառելուց հետո հաշվառումից դուրս չգալուն, պարզաբանվել է գործող կարգը, ըստ որի, եթե նախկին բնակիչը նոր բնակության վայր տեղափոխվելու կապակցությամբ չի դիմել և չի հաշվառվել նոր հասցեով, ապա նրան հաշվառումից հանելու դիմում կարող է ներկայացնել բնակելի տարածության սեփականատերը:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա նոյեմբերի 10-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: