ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.12.2015 17:38
Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դեկտեմբերի 15-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին:
Հունաստանից զանգահարած մեր հայրենակիցը հայտնել է, որ 8 և 10 տարեկան երեխաների անձնագրերը ստանալու համար պետք է դիմեն բավականաչափ հեռու գտնվող հյուպատոսական ծառայություն : Քաղաքացին խնդրել է տեղեկացնել, թե հնարավո՞ր է այդ գործողությունը կազմակերպել լիազորագրով՝ այլ անձի միջոցով: Նրան պարզաբանվել է, որ անձնագիր ստանալու համար դիմումատուն, տվյալ դեպքում՝ երեխայի ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը, պետք է դիմի անձամբ: Օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ տվյալ պետության դիվանագիտական ծառայություն դիմում ներկայացնող ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը ներկայացնում է նաև բացակա ծնողի գրավոր համաձայնությունը, որի վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով (բացառությամբ այն դեպքերի, երբ մյուս ծնողը գտնվում է հետախուզման մեջ, օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ, զրկվել է ծնողական իրավունքից, միայնակ մայր է, կամ մահացած):
Մոսկվայից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ նախկինում եղել է ՀԽՍՀ քաղաքացի: Տարիներ առաջ տեղափոխվել է Ղազախստան, սակայն չի ստացել նշված պետության քաղաքացիություն, ունի քաղաքացիություն չունեցող անձի վկայական: Ներկայումս բնակվում է Ռուսաստանում, սակայն այդ երկրի քաղաքացիություն նույնպես չունի: Ցանկանում է ստանալ Հայաստանի քաղաքացու անձնագիր:
Գործի հետ կապված մանրամասն պարզաբանումներ ստանալու և դիմումատուին աջակցելու նպատակով՝ ոստիկանության ներկայացուցիչն անմիջապես կապ է հաստատել Մոսկվայում գործող Հայաստանի հյուպատոսական ծառայության հետ, որտեղից պատրաստակամություն են հայտնել աջակցելու անձին՝ անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրավական լուծումներ գտնելու հարցում:
Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության և դիվանագիտական ծառայությունների հետ համատեղ աշխատանքը դարձել է ավանդույթ՝ օտարերկրյա պետությունում գտնվող մեր հայրենակիցներին անձնագրավորման գործում աջակցություն ցուցաբերելու հարցում:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am,dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: