ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.04.2015 17:57
Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ապրիլի 14-ին արտերկրի մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
ՀՀ-ում գտնվող օտարերկրյա պետության քաղաքացին հայտնել է, որ ազգությամբ հայ է, նախկինում հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից, որպեսզի ձեռք բերի այլ երկրի քաղաքացիություն: Ցանկանում էր տեղեկանալ, թե ներկայումս թույլատրվո՞ւմ է կրկին դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Նրան պարզաբանվել է, որ օրենսդրությամբ որևէ արգելք սահմանված չէ Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում կրկին քաղաքացիություն ստանալ: Անհրաժեշտ է քաղաքացիության վերականգման դիմում գրել, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ նախագահի աշխատակազմ և նախագահի հրամանագրով կլուծվի քաղաքացիության վերականգման հարցը: ՀՀ օրենսդրությամբ սահմանված է դիմումի քննարկման 6-ամսյա ժամկետ:
Օտարերկրյա պետությունում գտնվող ՀՀ քաղաքացին հայտնել է, որ անձնագիրը ստացել է 2005 թվականին, տասը տարվա վավերականության ժամկետը լրանում է հուլիսին: Ցանկանում էր տեղեկանալ, թե կարո՞ղ է անձնագրի վավերականության ժամկետը կրկին երկարաձգել, եթե այո, ապա ժամկետից շուտ քաղաքացին կարո՞ղ է դիմել: Նրան պարզաբանվել է, որ հին նմուշի անձնագիրը կարող է մեկ անգամ երկարաձգվել 5 տարով և մինչև վավերականության ժամկետը լրանալը անձը կարող է դիմել նշված գործողության համար:
Օտարերկրյա պետությունում գտնվող մեկ այլ քաղաքացի հայտնել է, որ իր 10 տարեկան երեխայի անձնագրի վավերականության ժամկետը լրացել է: Ցանկանում էր տեղեկանալ, թե հնարավո՞ր է նրա անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգել և որևէ պատասխանատվության միջոց նախատեսվա՞ծ է անձնագրի վավերականության ժամկետը լրացած լինելու դեպքում ուշացած դիմելու համար: Նրան պարզաբանվել է, որ մինչև 16 տարեկան երեխաներին անձնագիրը տրամադրվում է 3 տարով: Վավերականության ժամկետը լրանալու դեպքում այն չի կարող երկարաձգվել, ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը պետք է դիմեն նոր անձնագիր ստանալու համար: Նախկինում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսագրքով նախատեսված էր վարչական պատասխանատվություն անվավեր անձնագրով բնակվելու համար: Նշված նորմը վերացվել է 2011 թվականի նոյեմբերի 30-ին ընդունված օրենքով և անավեր անձնագրով բնակվելու համար անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա ապրիլի 21-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: