ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.05.2015 18:45
Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայիսի 12-ին արտերկրի մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի քաղաքացին հայտնել է, որ ստացել է նաև այլ երկրի քաղաքացիություն և ցանկանում է իմանալ, թե այդ մասին ինքը ո՞ր մարմնին պետք է տեղյակ պահի: Նրան պարզաբանվել է, որ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում պետք է գրավոր տեղեկացնել կամ ՀՀ դիվանագիտական ծառայություն կամ էլ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: Դիվանագիտական ծառայություն անձը կարող է դիմել անձամբ կամ փոստով, իսկ անձնագրային և վիզաների վարչություն՝ փոստով: Անձամբ դիմումը ներկայացնելու դեպքում դիմումին կցվում են Հայաստանի և այլ պետության քաղաքացու անձնագրերի պատճենները, իսկ փոստով ներկայացնելու դեպքում՝ անձնագրերի պատճենները պետք է պարտադիր վավերացված լինեն նոտարական կարգով:
Օտարերկյա պետությունում գտնվող ազգությամբ հայ քաղաքացին հայտնել է, որ ներկայումս Հայաստանում չի բնակվում, ունի կացության հատուկ կարգավիճակ և ցանկանում է տեղեկանալ, թե կարո՞ղ է ստանալ նույնականացման քարտ: Նրան պարզաբանվել է, որ նույնականացման քարտ տրվում է Հայաստանի քաղաքացիներին: Քաղաքացին խնդրել է նաև հայտնել, թե ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու համար: Նրան տրվել է ներկայացվող փաստաթղթերի ցանկը և պարզաբանվել դիմելու ընթացակարգը:
Օտարերկրյա պետությունում գտնվող մեկ այլ քաղաքացի էլ տեղեկացրել է, որ աղջիկը Հայաստանում չի ծնվել, ներկայումս 14 տարեկան է, ծնվելու պահին ինքը և ամուսինը հանդիսացել են Հայաստանի քաղաքացիներ: Ներկայումս ծնողներից մեկը ցանկանում է այցելել Հայաստան, և միաժամանակ՝ երեխայի համար ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր: Ցանկանում են տեղեկանալ, թե արդյո՞ք երեխայի ներկայությունը պարտադիր է: Նրան պարզաբանվել է, որ մինչև 16 տարեկան երեխայի անձնագիր ստանալու համար երեխայի ներկայությունը պարտադիր չէ, իսկ կենսաչափական տվյալներով անձնագիր ստանալու դեպքում՝ պարտադիր է, քանի որ լուսանկարահանումն իրականցվում է տեղում՝ անձնագրային ծառայության կողմից:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա մայիսի 19-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: