ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.01.2019 10:27
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Վարդգես Գասպարին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, իբր իրավապահների հանցավոր անգործության զոհ են դարձել շենքի ամենատարեց և անպաշտպան բնակիչները։ Գրառման մեջ ասվում է, որ օգտատիրոջ 80-ամյա հարևանի բնակարան են ներխուժել ագրեսիվ անձիք և դաժան ծեծի ենթարկել նրան և նրա տիկնոջը։ «Մեր բակում առկա իրավիճակի և խուլիգանությունների մասին ոստիկանությանը ես արդեն 3 ամիս բողոքում եմ, բայց ապարդյուն...»,- հայտնում է Վարդգես Գասպարին:
Նախ տեղեկացնենք, որ տարածքը սպասարկող՝ ոստիկանության Կենտրոնական բաժնում օրինական ընթացք են տրվել թե՛ հրապարակման մեջ հիշատակվող տարեց քաղաքացու, թե՛ Վարդգես Գասպարիի բոլոր ահազանգերին և հաղորդումներին։ Առանձին դեպքերով կան և՛ նախապատրաստված նյութեր, և՛ հարուցված քրեական գործեր։
Հրապարակման մեջ նկարագրվող դեպքի վերաբերյալ․
Հունվարի 2-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից, ոստիկանության Կնտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Դեմիրճյան 17 շենքի բնակիչ, 79-ամյա Հ․ Մ․-ն և հայտնել, որ իրենց հարևան բակերից մի քանի երիտասարդներ, ում ինքը միշտ նկատողություն է անում բնակիչների հանգիստը խանգարելու համար, այսօր իր տանն իրեն ծեծել են:
Ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած ծառայողներին Հ. Մ․-ն հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 18.35-ին, 16-ամյա Հ․ Գ․-ն իր բնակարանում հարվածներ է հասցրել իր գլխին՝ պատճառելով վնասվածք:
Նույն օրը, ժամը 21.20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում 16-ամյա Հ. Գ․-ն հաղորդում է տվել, որ ժամը 19.00-ին 79-ամյա Հ. Մ․-ն վիճել է իր հետ, որի ընթացքում հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածք:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: