ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.12.2019 18:16
Պարեկայինները բերման են ենթարկել գողության փորձ արած երիտասարդների․ նրանք ձերբակալվել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դեկտեմբերի լույս 2-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում ահազանգ ստացվեց, որ երկու հոգի, կոտրելով դուռը, փորձում են մտնել Տերյան փողոցի պանդոկներից մեկը։ Ահազանգից երկու-երեք րոպե անց դեպքի վայր հասան ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները։ Պարեկայիններին տեսնելով՝ երիտասարդները փախել են, բայց ոչ շատ հեռու։ Նրանք բռնվել են Կորյունի փողոցում ու, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Խոսքը Երևանի բնակիչներ 16 և 18-ամյա երիտասարդների մասին է, որոնք բերման ենթարկվելուց հետո ձերբակալվեցին։ Նրանք նման առիթներով արդեն բազմիցս հայտնվել էին ոստիկանների տեսադաշտում։ Կենտրոնականի քրեական հետախույզները փաստական տվյալներ ունեին, որ Կենտրոն վարչական շրջանում գտնվող տարբեր հաստատություններից գողություններ են արել։ Կասկածները հիմնավորվեցին փաստերով․ պարզ դարձավ, որ ձերբակալված երիտասարդները տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Տերյան փողոցի արագ սննդի կետերից մեկի դուռն ու դյուրակիր համակարգիչ և բջջային հեռախոսներ գողացել։ Դեկտեմբերի 1-ին նույն կերպ՝ դարձյալ տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել են Տերյան փողոցի խմորեղենի խանութի դուռը, մտել ներս, սակայն ինչ-ինչ պատճառներով հանցագործությունն ավարտին չէին հասցրել։
Այս և այլ դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է տարվում։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։