ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.11.2015 17:51
Հանդիսավորությամբ նշվեց Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Եվգենի Պատալովի ծննդյան 90-ամյակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության մշակույթի տան դահլիճում հանդիսավորությամբ նշվեց ոստիկանության երախտավորներից մեկի՝ Եվգենի Պատալովի ծննդյան 90-ամյակը: Հոբելյանական տարեդարձին էլ վաստակաշատ իրավապահը շարքում է և այսօր էլ առաջնորդում է երիտասարդ գործընկերների մի ամբողջ բանակ:
Հանդիսության սկզբում հրապարակվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի ուղերձը, որտեղ մասնավորապես ասվում էր. «Թանկագին Եվգենի Գուրգենի, դուք մարդ-լեգենդ եք Հայաստանի Հանրապետության ոստիկանության ու ողջ անձնակազմի համար… Հսկայական ներդրումը, որ ունեցել եք Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների կայացման և բարձր պրոֆեսիոնալ կադրերի դաստիարակման գործում, անգնահատելի է»:
Այնուհետև ընթերցվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանը՝ Հայաստանի ներքին գործերի մարմինների կայացման գործում անձնական մեծ ներդրում ունենալու համար և ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ Եվգենի Պատալովին «Սխրագործության համար» մեդալով պարգևատրվելու մասին:
Հոբելյարը շնորհակալություն հայտնելով Վլադիմիր Գասպարյանին՝ իր վաստակի գնահատման համար, հիշեց հայաստանյան գործունեության տարիներն ու գոհունակություն հայտնեց մեր երկրի ոստիկանության կայացման ընթացքի և ձեռքբերումների կապակցությամբ:
Եվգենի Պատալովը Հայաստանի ներքին գործերի համակարգը ղեկավարել է 1974-1983 թվականներին:
Մոսկվա տեղափոխվելուց հետո էլ չխզվեց կապը Հայաստանի հետ: Եվգենի Պատալովը միշտ ապրեց մեր երկրի ու ոստիկանության կյանքով: Այսօր էլ այդպես է, որովհետև ճշմարիտ զինակցությունը երբեք անցյալ չի լինում:
Շնորհավորում ենք Եվգենի Պատալովին ՝ հոբելյանական տարեդարձի առթիվ, մաղթում ենք քաջառողջություն և Հայաստանի ոստիկանության ընթացքով ուրախանալու երկար-երկար տարիներ: