ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.01.2019 14:38
Ոստիկանները հայտնաբերեցին նախկինում գողություններ կատարած անձին
Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հունվարի 11-ին, ժամը 10.55-ին, Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցից գողություն կատարելու կասկածանքով բաժին են բերման ենթարկել 48-ամյա Արարատ Ջ-ին, որը 2018թ. հուլիս-օգոստոս ամիսներին, Եղվարդ քաղաքից և հարակից համայնքներից կատարել է գողություններ։ Գողացել էր ավտոմեքենաների մարտկոցներ, շինարարական գործիքներ և այլն:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Արարատ Ջ-ն 2018թ օգոստոսին այցելել է Եղվարդի Սաֆարյան 23 տուն, տարեց տանտիրոջը ներկայացել որպես որդու ընկեր և չարաշահելով նրա վստահությունը, նկուղից գողացել է մետաղական փականներ, էլեկտրական պտուտակահան ու սղոց՝ պատճառելով շուրջ 130.000 դրամի նյութական վնաս:
Նույն օրը տուժողից ընդունվել է հաղորդում:
Պարզվել է նաև, որ Արարատ Ջ․-ն, նույն ժամանակահատվածում այցելել է Նոր Գեղի գյուղի տներից մեկը և օգտվելով 77-ամյա տանտիրոջ անուշադրությունից, գողացել է բակում դրված էլեկտրական մարտկոցը՝ պատճառելով մոտ 50.000 դրամի վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած այլ անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: