ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.02.2016 19:01
Հայրենասիրության դաս ապրողներին. միլիցիայի մայոր Մեխակ Մեխակյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դարավերջին մեզ պարտադրված պատերազմում վերստին փաստեցինք հաղթելու մեր կամքը, հաստատագրեցինք, որ կուռ միասնություն, բռունցք ենք դառնում, երբ վտանգված են մեր երկրի սահմանները, երբ դրված է մեր ազգային արժանապատվության հարցը:
Արցախյան ազատամարտը մեր պատմության փայլուն էջերից մեկը դարձավ, իսկ մեզ հաղթանակի հպարտությունը պարգեւողներից շատերը՝ հավերժի ճամփորդներ...
Միլիցիայի մայոր Մեխակ Մեխակյանը նրանցից մեկն է:
Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաիրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ Մեխակ Մեխակյանը հայրենի գյուղի՝ Էջմիածնի շրջանի Արագածի միջնակարգ դպրոցի փոխտնօրենն էր, երբ սկսվեց Արցախյան ազատամարտը: «Մտավորական էր բառի իսկական իմաստով: Մեծագույն սիրով էր աշակերտներին ուսուցանում հայ ժողովրդի պատմությունը, որը հիանալի գիտեր». այսպիսին են հիշում նրան իր անունը կրող դպրոցում:
Ուսումնասիրությունները, պեղումները, պատմական վայրեր արշավները, հնագիտական իրեր հավաքելը նրա տարերքն էր: Դպրոցում հնագիտական թանգարան էր ստեղծել, արշավներից մեկի ժամանակ գտած խոյի քանդակներն էլ տեղադրել էր դպրոցի բակում...
Եղել էր նաեւ Արցախում, շրջել գրեթե բոլոր պատմական վայրերում...
Իսկ 1990-ին Արցախ մեկնեց արդեն ոչ որպես պատմաբան, այլ՝ զինվոր:
Մարտական մկրտությունը ստացավ Հադրութի շրջանում՝ 1990 թվականի փետրվար-մարտ ամիսներին: Իսկ սեպտեմբերին Հադրութի շրջանի Աղբուլաղ գյուղի պաշտպանական մարտերին էր մասնակցում...
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանների ասպետ Մեխակ Մեխակյանի տանն ենք: Այստեղ ամեն անկյուն նրան է հիշեցնում, այստեղ նա միշտ ներկա է...
Հերոսի ծնողների ցավի մեջ հպարտություն կա: «Մեխակի ծնողը ինչպե՞ս կարող է հպարտ չլինել,- ասում է մայրը՝ տիկին Անժիկը:- Իմ որդին չէր կարող չմասնակցել պատերազմին: Մտահոգ գալիս էր տուն, ասում էր՝ զոհերը շատ են, ուժեր են պետք: Ղարաբաղ գնալու մասին ինձ չէր ասում: Զգում էի, որ ինչ¬որ պատրաստությունների մեջ է, տղաներ էր հավաքում...»:
Հետո տիկին Անժիկը հիշում է մի պատմություն, որտեղ երեւում է Մեխակ մարդու տեսակը...
Հադրութի շրջանի Աղբուլաղ գյուղը գնդակոծությունների թիրախ էր, զոհվում էին կանայք, երեխաներ... Զոհվում է նաեւ Մեխակի՝ աղբուլաղցի մարտական ընկերոջ՝ Պավլուշի դուստրը: Մեխակը նրա չորս երեխաներին բերում է իրենց գյուղ՝ Արագած եւ տնեցիներին պատվիրում՝ երեխաներին լավ կպահեք, այնպես, որ իմ չորսից չառանձնանան...
«Պահեցինք, կերակրեցինք, մեր երեխաների հետ գնացին դպրոց... Մի տարի մնացին մեր տանը»,- պատմում է տիկին Անժիկը:
Իսկ Մեխակն այդ ժամանակ Արցախում էր՝ Հադրութ, Մարտակերտ, Հաթերք...
Էդիլլուի գումարտակի հրամանատարի տեղակալն էր, երբ մարտերից մեկում ծանր վիրավորվում է: Հազիվ ապաքինված՝ վերադառնում է մարտադաշտ, այս անգամ՝ Ֆիզուլի: Մեխակի ջոկատը փոքրաթիվ զինվորներով գիշերը շրջանցում է հակառակորդի դիրքերը, ամրանում նրանց թիկունքում, իսկ առավոտյան երկկողմանի կրակի տակ ընկած հակառակորդը ստիպված էր փախչել՝ բացելով Ֆիզուլի տանող ճանապարհը...
Մեխակ Մեխակյանի հայրը՝ Վալենտին Մեխակյանը, ասում է, որ որդին տեսակով էր հայրենասեր, խիզախ, անձնազոհ: Անհնար էր նրան համոզել, որ ապաքինվելուց հետո չգնա Արցախ:
«Այն ժամանակ բոլորս ազգային պայքարի ոգով էինք լցված, ես էլ էի ուզում գնալ Արցախ, էնպես որ, ո՞նց կարող էի Մեխակին արգելել... Հետո էլ դա նրա սկզբունքներին դեմ կլիներ. նման հարցերում նրան հակառակվել չէր կարելի...»: Հետո հայրը հիշում է իր ու որդու մի զրույց: «Ասացի՝ Մեխա՛կ ջան, դու չորս երեխաներիդ թողած՝ գնում ես, բայց տես՝ ինչքան մարդիկ կան, որ փախչում են երկրից, թաքնվում են իրենց տաքուկ տներում.... Իմ վրդովմունքին պատասխանեց՝ ա՛յ հեր, միշտ, բոլոր ժամանակներում էլ այդպես է եղել՝ փախչողները փախել են, ազգի լավագույն տղաները կռվել, պահել են Հայրենիքը: Մի՛ նեղվիր, դա բնական է, այդպես էլ պիտի լիներ: Կարեւորն այն է, որ ազատագրենք մեր Արցախը»:
1994 թվականի գարնանը իրավիճակը սրված էր ռազմաճակատի հյուսիսարեւելյան հատվածում: Ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից, միլիցիայի մայոր Մեխակ Մեխակյանը իրար հետեւից զեկուցագրեր է գրում ներքին գործերի նախարարին, խնդրում թույլ տալ մեկնել ռազմաճակատ: Ի վերջո, համաձայնություն է ստանում եւ մեկնում ամենածանր՝ Գյուլիստան¬Թալիշ հատվածը:
Այդ մարտերում հատկապես փայլեց Մեխակ Մեխակյանը. նրա 60-հոգանոց գրոհային խումբը շրջանցելով հակառակորդին՝ վնասազերծեց Արեգասարի ռազմահենակետերը: Թշնամուն խուճապի մատնած այս գործողությանը հետեւեց մերոնց հարձակումը... Ազատագրվեցին Թալիշ գյուղը վերահսկող ռազմավարական նշանակության բարձունքները, Մատաղիսը: Երկու օր անց ազատագրվեց նաեւ Թալիշը:
Թալիշի բարձունքներից մեկի վրա մայիսի 1-ին զոհվեց Մեխակ Մեխակյանը...
Հիմա այդ բարձունքը կոչվում է Մեխակասար....
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից Մանուկ Նալբանդյանը այսօրվա պես հիշում է այն օրը, երբ առան իրենց բաժնի պետի զոհվելու բոթը: «Անչափ ծանր օր էր, բոլորս էինք սգում Մեխակյանի մահը,- ասում է նա եւ հավելում,- հրաշալի մարդ էր, համեստ, գրագետ, ենթակաների նկատմամբ սրտացավ, ուշադիր»:
Հերոսի աշխատավայրում հիմա էլ նրա մասին հիշողությունը կա՝ ներսում՝ մեծադիր լուսանկարը, դրսում՝ հուշատախտակը...
«Մեր աշխատակիցները գիտեն Մեխակ Մեխակյանի հերոսական ուղու մասին. այն հայրենասիրության դաս է բոլորիս համար»,- ասում է Մանուկ Նալբանդյանը:
Մեխակ Մեխակյանի հերոսական ուղին դաս է ոչ միայն հանցավորության դեմ պայքարի առաջին գծում կանգնած այս մարդկանց, այլեւ Արագած գյուղի դպրոցի աշակերտների համար: Ոչ միայն հայ ժողովրդի փառապանծ պատմության դրվագներով, այլ իր օրինակով է նա ցույց տվել, թե ինչպես պետք է միշտ ու քեզնից առավել սիրես Հայրենիքը...
Հասմիկ ՊՈԴՈՍՅԱՆ