ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.06.2019 12:34
Քաղաքացուն դանակահարած անձը հետախուզվում էր գողությանը հանցակցելու մեղադրանքով
Հունիսի 21-ին, ժամը 08.55-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Ֆրանսիայի հրապարակում ճանապարհային ոստիկանության ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ իրեն դանակահարել են: Կանչվել է շտապօգնության խումբ։
Այնուհետև հիվանդանոցից հաղորդել են, որ շտապօգնության խումբը «Ֆրանսիայի» հրապարակից «կրծքավանդակի և ձախ բազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել արցախցի 40-ամյա մի տղամարդու։
Ոստիկանության Նոր-Նորքի և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ միջոցառմամբ պարզվել է, որ տղամարդուն դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 51-ամյա Արտեմ Ս․-ն, որը նույն օրը, ժամը 10.00-ին, Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել է խոստովանական բացատրություն:
Նրա մոտից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
Պարզվել է նաև, որ Արտեմ Ս․-ն 2018թ. հոկտեմբերի 19-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում է գողությանը հանցակցելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Քննությունը շարունակվում է։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: