ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.02.2015 14:17
ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունները դադարեցվել են
Ծառայողական գործառույթների իրականացման ընթացքում ՀՀ ոստիկանությանը հայտնի է դարձել, որ ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի անդամ Արտուր Հարությունյանը 21.12.2014 թ. ՀՀ փաստաբանների պալատից ստացել է թիվ 1842 փաստաբանի արտոնագիրը, սակայն նշված հանգամանքի մասին դիտորդների խումբը չի հայտնել ՀՀ ոստիկանությանը՝ անտեսելով «ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ ոստիկանության պետի 14.01.2005 թ. թիվ 1-Ն հրամանի պահանջները (9-րդ կետի «ե» ենթակետ. դիտորդների խմբի անդամ չի կարող լինել այն անձը, ով հանդիսանում է փաստաբան): Ավելին, ստանալով փաստաբանի արտոնագիր՝ Ա. Հարությունյանը հասարակական դիտորդների խմբի այլ անդամների հետ 27.12.2014 թ. այցելել է ոստիկանության Կոտայքի, Նաիրիի և Հրազդանի բաժինների ՁՊՎ-ներ և առանձնազրույցներ ունեցել ձերբակալված անձանց հետ, իսկ 2015 թ. հունվարի 15-ին դիտորդների խմբի նախագահ Հ. Սահակյանի և խմբի անդամ Ս. Իսկանդարյանի հետ մասնակցություն է ունեցել «Մեդիա կենտրոն»-ում կայացած «Մարդու իրավունքների պաշտպանությունը ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում. 2014 թ.-ի գնահատականը» խորագրով թեմայի քննարկմանը:
Հիշյալ երևույթը վկայում է այն մասին, որ ոստիկանության հետ փոխհարաբերություններում դիտորդների խմբի որոշ անդամներ դրսևորում են անհասկանալի վարքագիծ, նման գործելաոճով կորցնում վստահությունը և ստվեր գցում իրենց հիմնական առաքելության վրա, ինչն իր բացասական հետևանքները կարող է ունենալ ձերբակալված անձանց իրավունքների պաշտպանության գործում: Կարևոր հանգամանք, ինչը մտահոգում է ՀՀ ոստիկանությանը:
ՀՀ ոստիկանությունը միշտ բարձր է գնահատել հասարակական դիտորդների խմբի գործունեությունը, ինչի մասին բազմիցս նշվել է, սակայն նմանատիպ երևույթները ստվերում են ընդհանուր պատկերը:
Ղեկավարվելով «ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ ոստիկանության պետի 14.01.2005 թ. վերը հիշատակված հրամանի պահանջներով՝ ՀՀ ոստիկանության պետի հրամանով Արտուր Հաբեթի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են: