ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.01.2019 10:05
Գողության պահին սրտի կաթված էր ստացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունվարի 11-ին, ժամը 17:30 սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ ստացվեց, հայտնում էին, որ հացի գործարանում գողություն է կատարվել, պահակին խփել են: Խոսքը Արմավիրի չգործող, նախկին հացի գործարանի մասին էր, և օպերատիվ խումբը դեպքի վայր շտապեց:
Արտադրամասերից մեկում իրավապահները հայտնաբերեցին պահակի` Գեղեցիկ Գաբրիելյանի դին, տպավորությունն այնպիսին էր, ասես, նրան հրել էին կամ ինքն էր արտադրամասի աստիճանահարթակից ընկել: Վնասված էր գլուխը, աջ ձեռքին քերծվածքներ կային: Աղջիկն էր նրան գտել այդ վիճակում: Պետք էր պարզել, թե ինչ էր իրականում կատարվել: Կարևոր էր յուրաքանչյուր մանրուք:
Առարկաներ, հետքեր, գործի համար նշանակություն ունեցող այլ ապացույցներ հայտնաբերելու, նաև դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ոստիկաններն արտադրամասի տարածքում համապատասխան ուսումնասիրություններ արեցին:
Դիակն ուղարկվեց փորձաքննության:
Դեպքի վայրում հայտնաբերվեց դանակ, կտրված պղնձե մալուխներ, որոնք չէին հասցրել հափշտակել: Զարմանալիորեն` տարածքում տուժողի ու նրա աղջկա ոտնահետքերից բացի, այլ ոտնահետքեր չէին նկատվում: Արտադրամասի դուռը վնասված չէր: Նրանք նշված տարածք մտնելու իրավունք չունեին: Դուռը մշտապես կողպված էր: Հետաքրքիր էր` աղջիկը երբ էր մոր մոտ եկել, ինչու ինքը չէր ահազանգել ոստիկնություն, այլ խնդրել էր ուրիշի:
Ավելի ուշ ստացվեց նաև դատաբժշկի նախնական եզրակացությունը, համաձայն որի` Գաբրիելյանը մահացել էր ոչ թե ինչ-որ մեկի խփելու հետևանքով, այլ սրտի կաթվածից:
Հետագա միջոցառումներով, քրեական հետախույզները պարզեցին, որ նշված գործարանի պահակ Գեղեցիկ Գաբրիելյանը, դստեր` Հրածին Գաբրիելյանի հետ, գողություն կատարելու նպատակով, մտել են գործարանի արտադրամաս, որտեղ Գեղեցիկ Գաբրիելյանը սրտի կանգ ունենալու հետևանքով, մոտ 5 մետր բարձրությունից ընկել և մահացել է:
Պահակը որոշել էր իրեն վստահված տարածքից գողություն անել ու մահացել էր այն արտադրամասում, որտեղ մտնելու իրավունք չուներ: Այս փաստը կոծկելու համար էր Հրածին Գաբրիելյանը հորինել գողերի գործարան մտնելու ու մորը խփելու պատմությունը:
Կատարվածի հանգամանքները լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:
Փաստի առթիվ Արմավիրի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: