ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.10.2019 12:42
Բացատրական աշխատանք և կամավոր հանձնում
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման գործընթացը՝ հիմնական շեշտը դնելով բացատրական աշխատանքի վրա: Կամավոր հանձնելու մի քանի դեպք է գրանցվել հոկտեմբերի 10-ին հանրապետության տարբեր տարածքներում:
Ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել Դալար գյուղի 57-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել երկփողանի ողորկափող որսորդական հրացան: Նա հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
Մարտունու բնակիչ 23-ամյա երիտասարդը Մարտունու բաժնում կամավոր հանձնել է մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան՝ հայտնելով, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:
Նույն բաժին է ներկայացել նաև Աստղաձոր գյուղի 53-ամյա մի բնակիչ ու կամավոր հանձնել մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին:
Մի դեպք էլ գրանցվել է ոստիկանության Սիսիանի բաժնում: Ներկայացած 63-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ և հայտնել, որ այն գտել է 1993 թվականի մարտին, Արցախյան պատերազմի ժամանակ, պահել իրենց շենքի դիմաց դրված իր վագոն-տնակում և մոռացության մատնել:
Նույն օրը ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է ներկայացել Դովեղ գյուղի 56-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել մեկփողանի ողորկափող որսորդական հրացան: Ըստ նրա՝ հրացանը պատկանել է հանգուցյալ հորը:
Բոլոր դեպքերով նշանակվել են փորձաքննություններ: