ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.05.2017 18:49
Կաշառք պահանջելու փաստը ստուգելու նպատակով կատարվում է ծառայողական քննություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայիսի 27-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության երկրորդ սպայական գումարտակի երրորդ վաշտի տեսուչները ծառայություն էին իրականացնում Երևան-Սևան ավտոճանապարհին: Առավոտյան ժամը 10-ի սահմաններում ավտոճանապարհի 24-րդ կիլոմետրին նկատել էին, որ «Տոյոտայի» վարորդը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները:
Նարեկ Հակոբյան ՃՈ տեսուչ. «Տոյոտայի վարորդը բնակավայրից դուրս երթևեկում էր 124 կմ ժամ արագությամբ, այսինքն 24 կմ ժամով գերազանցում էր տվյալ տարածքում թույլատրելի արագությունը: Մենք, օրենքով սահմանված կարգով, կանգնեցրինք նրան: Վարորդը, չենթարկվելով կանգ ազդանշանին, շարունակեց ընթանալ: Մոտ երեք կիլոմետր հետապնդելուց հետո կանգնեց…»:
Ճանապարհային ոստիկանի անհատական տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է վարորդը գումար առաջարկում: Տեսուչն էլ՝ հրաժարվում է և խնդրում փաստաթղթերը: Վարորդը ներկայացնում է, հետո անհարկի վեճի մեջ մտնում ճանապարհային ոստիկանների հետ:
Նրանք կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որի թերթիկի վրա, վարորդի նշումների համար նախատեսված հատվածում, «Տոյոտայի» վարորդը գրել է, որ ճանապարհային ոստիկաններն իրեն վարչական պատասխանատվության չենթարկելու համար կաշառք է պահանջել:
Նարեկ Հակոբյան ՃՈ տեսուչ. «Քանի որ վարորդը նշել էր իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, որը միանշանակ պետք է պարզաբանվեր, ուստի նրան հրավիրեցինք, ոստիկանության Կոտայքի բաժին…»:
Ոստիկանության Կոտայքի բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննական մարմնին: Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում էլ կատարվում է ծառայողական քննություն: