ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.02.2016 14:52
Մենք հերոսներ ենք փնտրում գրքերում, ֆիլմերում, այնինչ նրանք մեր կողքին են՝ համեստ, բարեկիրթ, խոնարհ... (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախյան հերոսամարտում սխրանքներ գործած մեր գործընկերներից շատերն այսօր մեր կողքին են՝ պարտքի ու պատվի հստակ պատկերացումներով, ոստիկանի կոչմանը նվիրված իրենց ծառայությամբ, պատերազմ ու հաղթանակ տեսած զինվորի իրենց կերպով: Ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Գեորգի Գրիգորյանը նրանցից մեկն է... Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Գեորգի Գրիգորյանի տանն ենք. առողջությունը կորցրել, բայց նույն բարի ու համեստ, վճռական ու հայրենասեր մարդն է: Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի տղաներն իրենց հրամանատարի մասին այնքա՜ն բան ունեն հիշելու... Եվ նրանց պատմություններից ուրվագծվում է Գեորգի Գրիգորյան մարդը՝ համարձակ, հայրենասեր, դժվարություններից չերկնչող, սրտացավ... «Պետական մտածողությամբ օժտված մարդ է մեր Ժորան: Հենց այնպես չէր, որ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի հարցում նրա թեկնածությունն առաջ քաշվեց»,- ասում է Կառլեն Թորոսյանը, որ այն ժամանակ Ներքին գործերի նախարարի տեղակալն էր: Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը սահմանամերձ շրջանների պաշտպանությանը մասնակցեց ամենաթեժ, ամենավտանգավոր հատվածներում: Ջոկատին անդամագրված այս մարդիկ առաջնորդվում էին «Մեր հայրենիքը մե՛նք ենք պաշտպանելու» գաղափարով: Ու պաշտպանեցին՝ փառավոր էջեր գրելով հայկական միլիցիայի պատմության մեջ: «Հրամանատարը մի՛շտ մեզ հետ էր, մեր կողքին՝ առաջին գծում»,- հիշում են նրանք: Ոստիկանության պաշտոնաթող մայոր Կիմ Անտոնյանը հատուկ նշանակության ջոկատի առաջին անդամներից էր. «Մեր հրամանատարը իր մարտիկների համար կյանքը կտար: Բոլորի համար դողում էր, դիրքեր բարձրանալիս անպայման ինքը պետք է առաջինը բարձրանար»,- ասում է: Էդուարդ Կալյանը, որ այն ժամանակ ծառայում էր կադրերի բաժնում եւ ջոկատի առաջին անդամներից էր, հիշում է. «Գեորգի Գրիգորյանը օժտված էր զինվորական ռոմանտիզմով: Խիզախ, համարձակ, հաղթելու վճռականությամբ ու վստահությամբ, մարտավարական հմտություններով օժտված՝ այսպիսին էր նա: Սիրում էր կրկնել՝ մենք եկել ենք ոչ թե զոհվելու, այլ՝ հաղթելու»: Հետո տղաները հիշում են մի դեպք. հետախուզության գնացած խումբը, մթության մեջ կորցնելով ճանապարհը, հայտնվել էր թշնամու տարածքում: «Հրամանատարը ծանր ապրումների մեջ էր: Իսկ երբ տղաները հաջողությամբ ճեղքեցին շրջափակումը, նա հուզմունքից մեկ մեկին էր գրկում, մեկ՝ մյուսին... Նրան այդպես հուզված չէինք տեսել...»,- հիշում են տղաները: Պատմում է ոստիկանության պաշտոնաթող փոխգնդապետ Գագիկ Մելոյանը. «Մարտական գործողություններից հետո, երբ ծանր հոգեվիճակում էինք հայտնվում, դե, մենք եղել ենք խաղաղ մարդիկ, իսկ հիմա պետք էր մարդ սպանել, Գրիգորյանը հոգեբանական աշխատանք էր տանում մեզ հետ, ու նրա շնորհիվ հաղթահարեցինք այդ բարդույթը»: Հետո տղաները հիշում են ջոկատի առաջին զոհին՝ Գարեգին Բաղդասարյանին: Վարդենիսի ուղղությամբ էին կռվում. Գեորգի Գրիգորյանը երդման պես ասում է՝ Գարիկի փոխարեն թշնամին տասը զոհ է տալու... Պատմում է ոստիկանության պաշտոնաթող մայոր Ժորա Սմբատյանը: «Գարիկի զոհվելուց հետո, այսպես ասած, տաք գլխով ուզում էինք ինչ-որ գործողություններ անել: Նստել էինք վիլիսները, ուզում էինք գնալ դեպի թշնամին: Ինչ խոսք, եթե այդպես վարվեինք, երեւի ավելի շատ զոհեր կունենայինք: Բայց հրամանատարը եկավ, բարկացավ մեզ վրա, հետ դարձրեց: Գործողություններ էլի արվեցին, բայց՝ արդեն Գրիգորյանի ղեկավարությամբ»: Գործողությունների պլան է մշակվում, իսկ գիշերն արդեն Արմեն Պապյանը, Գագիկ Մելոյանը, էլի մի քանիսը գնում են հրամանատարի հատուկ հանձնարարությունը կատարելու: Կատարում են պատվով՝ մեկի փոխարեն՝ տասը... ...Լսում է Գեորգի Գրիգորյանը իր զինվորների պատմություններն ու մտովի տեղափոխվում այն ծանր ու հերոսական ժամանակները... Իսկ հետո արդեն՝ ծառայություն ոստիկանության զորքերում, ոստիկանության Լոռու մարզային վարչությունում, ոստիկանության շտաբում, կրթահամալիրում... Պահեստազորի սպա Նվեր Հարությունյանը առաջիններից մեկն անդամագրվեց միլիցիայի հատուկ նշանակության ջոկատին: 1992-ին, երբ Ներքին զորքերի կազմավորումից հետո Գեորգի Գրիգորյանը նշանակվեց 1032 զորամասի հրամանատար, նրա հորդորով ծառայության անցավ զորամասում: «Հրամանատարի խոսքն այնքան զորեղ էր, նրա հեղինակությունն այնքան մեծ էր, որ անհնար էր նրա խոսքին հակառակվել»,- ասում է Նվեր Հարությունյանը: Հետո Նվեր Հարությունյանը հիշում է մի դեպք. «1994 թվականի ձմռանը զորամասից ավտոբուսը զորակոչիկներին տանելու էր Ֆիզուլի: Զինվորներից մեկը թեթեւ էր հագնված: Գրիգորյանը ավտոբուսը կանգնեցրեց, իր հագի բուշլատը հանեց ու հագցրեց զինվորին...»: Հրաժեշտ ենք տալիս Արցախյան ազատամարտում եւ ոստիկանության համակարգում մեծ ներդրում ունեցած մարդուն՝ տասնյակ մեդալների ու «Մարտական խաչի» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Գեորգի Գրիգորյանին: Նրա մասին պատմությունը կիսատ կլիներ, եթե չայցելեինք միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Ու հիշողությունների կենտրոնում դարձյալ հրամանատարի` Գեորգի Գրիգորյանի կերպարն է... Պատմում է ոստիկանության գնդապետ, «Դելտա» ջոկատի հրամանատար Արմեն Պապյանը: «Հիշում եմ, պետք է մեկնեինք Շահումյան: Վիճակն այնտեղ շատ ծանր էր: Արդեն ուղղաթիռ էինք նստում, երբ Վազգեն Սպարապետը, որ այն ժամանակ պաշտպանության կոմիտեի նախագահն էր, մեզ տեսավ: Ովքե՞ր են՝ հարցրեց: Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատն է՝ պատասխանեցին: Այսպիսի բանակ պետք է ունենանք՝ ասաց: Երբ կազմավորվում էր միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը, Գեորգի Գրիգորյանը մեզ չէր ճանաչում, մենք էլ իրեն չէինք ճանաչում, բայց շնորհիվ նրա կազմակերպչական ունակությունների, կարճ ժամանակում դարձանք մի բռունցք՝ կանոնավոր, պատրաստված... Շատ մարտական գործողությունների ենք մասնակցել, բայց շատ քիչ զոհ ենք տվել, եւ դա խոսում է Գեորգի Գրիգորյանի կազմակերպչական ունակությունների, մարտավարական հմտությունների մասին»: Մենք հերոսներ ենք փնտրում գրքերում, ֆիլմերում, երբ նրանք մեր կողքին են՝ համեստ, բարեկիրթ, խոնարհ... Միշտ՝ Հայրենիքի նվիրյալ զինվոր...
Հասմիկ ՊՈԴՈՍՅԱՆ