ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.01.2017 08:28
Տեղեկատվություն ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2016թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին
![Տեղեկատվություն ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2016թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին Տեղեկատվություն ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2016թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին](/resources/police/img/news/big/1484829024,7994.jpeg)
2016թ. ընթացքում հանրապետությունում ունենալով ծանրաբեռնված օրակարգ, կապված ապրիլյան պատերազմի, ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման, ինչպես նաև օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակությունների պաշտոնական այցերի հետ, ՀՀ ոստիկանությունը ողջ ծավալով կատարել է իր առջև դրված խնդիրները՝ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում հանրապետությունում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը։
Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը, գլխավորապես պայմանավորված ՀՀ քր.օր-ի 327 հոդվածով նախատեսված դեպքերը ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում 01.01.2016թ-ից հաշվառելու հանգամանքով, աճել է 10,1%-ով կամ 1721 դեպքով (2015թ. 12 ամիս` 17043, 2016թ. 12 ամիս` 18764): Ընդ որում, աճի շուրջ 80,0%-ը կազմում են հենց այդ դեպքերը, իսկ մնացածը պայմանավորված է առավել լատենտային համարվող ապօրինի պահվող զենք-զինամթերքի և թմրամիջոցների հետ կապված հանցագործության դեպքերի հայտնաբերման թվի աճով:
Հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն աճել է ընդհանուր՝ 2,8%-ով (75,7%-ից 78,5%), առանձնապես ծանր հանցագործություններով՝ 7,5%-ով (79,4%-ից 86,9%) և ծանր հանցագործություններով՝ 6,3%-ով (47,9%-ից 54,2%):
2016թ-ի ընթացքում արձանագրված 66 սպանության դեպքերից բացահայտվել է 75,8%, ինչը 4,6%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հարկ է նշել, որ չբացահայտված սպանությունների 62,5%-ն անհայտ կորելու դեպքեր են, որոնց հանգամանքները պարզելու, ինչպես նաև որոնողական աշխատանքներն առավել ընդգրկուն և օպերատիվ կազմակերպելու նպատակով ՀՀ իրավապահ մարմինների կողմից դրանք նախնական որակվում են որպես սպանություն:
Սեփականության դեմ ուղղված հանցատեսակներից՝ արձանագրվել է անձնական գույքի՝ ավազակության 53 դեպք, որի բացահայտումն աճել է 1,0%-ով (55,6%-ից 56,6%), կողոպուտի 255 դեպք, որի բացահայտումն աճել է 2,2%-ով (51,5%-ից 53,7%), բնակարանային գողության 1250 դեպք, որի բացահայտումն աճել է 2,5%-ով (30,5%-ից 33,0%):
Հաշվետու տարում 45,2%-ով աճել է նախկին տարիներին կատարված և հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ կասեցված հանցագործությունների բացահայտման թիվը (73-106):
Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների նվազման պարագայում (69-65), աճել է ինչպես դրանց բացահայտման արդյունավետությունը (81,2%-ից 87,7%), այնպես էլ 119-ով կամ 19,5%-ով զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը (610-729):
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում հայտնաբերված դեպքերի թիվը կազմել է 963, իսկ բացահայտման արդյունավետությունն աճել է 2,4%-ով (78,6%-ից 81,0%):
Գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 9 դեպք:
Տնտեսական գործունեության դեմ ուղղված 602 հանցագործության դեպքերի բացահայտման արդյունավետությունն աճել է 15,2%-ով (54,4%-ից 69,6%)։
Հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 659 հանցագործության դեպք, ընդ որում նշված հանցագործություններից 35,2%-ն ի հայտ է բերվել ոստիկանության կողմից: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններից 71-ը կաշառակերության դեպքեր են, որոնց շուրջ 90,0%-ը հայտնաբերվել է ոստիկանության ջանքերով:
Հաշվետու տարում, ոստիկանության հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվել է 143716 նյութ, հարուցվել է 1825 քրեական գործ:
Ոստիկանության ուժերով հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգություն է ապահովվել թվով 5429 զանգվածային միջոցառումների ընթացքում:
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայությունը հաշվետու ժամանակահատվածում շարունակել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ու ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխմանը միտված կանխարգելիչ միջոցառումները, ինչի արդյունքում հանրապետության տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը նվազել է 196-ով, զոհերինը՝ 80-ով և վիրավորներինը՝ 286-ով:
Բնակչության շրջանում ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման առումով ՀՀ ոստիկանությունը խիստ կարևորում է նաև յուրաքանչյուր ծառայողի կողմից օրինականության պահպանման խնդիրը:
Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1754 ծառայողական քննություն, որի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 768 ծառայող:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով, հաշվետու տարում հարուցված քրեական գործերով դատապարտվել է 2 անձ:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ