ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.11.2019 17:39
Ոստիկանները գրպանահատների են բերման ենթարկել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է պայքարել գրպանահատության դեմ:
Նոյեմբերի 14-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում գրպանահատության երեք դեպք բացահայտվեց:
Ժամը 12-ի սահմաններում քրեական հետախույզները Պռոշյանի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Մանթաշյան փողոցի 25-ամյա մի բնակչի:
Պարզվեց, որ նա րոպեներ առաջ թիվ 39 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից, դրամապանակ էր գողացել, որի մեջ եղել էր փող, նույնականացման ու բանկային քարտեր:
Գողոնը հայտնաբերվեց: Տուժողից ընդունվեց հաղորդում:
Նույն օրը գրպանահատության դեմ պայքարի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայից, դարձյալ գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Ամիրյան փողոցի 31-ամյա մի բնակչի:
Պարզվեց` ժամը 19.30-ի սահմաններում նա թիվ 37 երթուղու ավտոբուսում ուղևորուհու պայուսակից, բջջային հեռախոս էր գողացել:
Րոպեների տարբերությամբ ոստիկանները վանաձորցի 42-ամյա մի գրպանահատի էլ Երևանի Նալբանդյան փողոցից բերման ենթարկեցին: Նա Հյուսիսային պողոտայում օտարերկրյա մի բնակչուհու պայուսակից էր գողություն արել: Հափշտակած դրամապանակում փող, վարորդական իրավունքի վկայական, ապահովագրական, նույնականացման ու բանկային քարտեր էին:
Գողոնն առգրավվեց: Տուժողից ընդունվեց հաղորդում:
Երեք դեպքով էլ գրպանահատները տվել են խոստովանական բացատրություն:
Բաժիններում նյութեր են նախապատրաստվում: