ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.02.2019 11:53
Ոստիկանները գրպանահատության նոր դեպքեր են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանությունը շարունակում է հետևողական պայքարը գրպանահատության դեմ, յուրաքանչյուր նոր դեպք արձանագրելիս իրազեկում հասարակությանը, ինչն ինքնին զգոնության կոչ է և կանխարգելիչ նկատառում ունի:
Փետրվարի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Քանաքեռի բնակիչ Հարություն Նազարեթյանին Բաղրամյան պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին ոստիկանության Արաբկիրի բաժին:
Նազարեթյանը ավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ էր հափշտակել, որի մեջ եղել էին բանկային քարտ և փող:
Ուղևորուհին չէր նկատել Նազարեթյանին, բայց նրա կասկածելի վարքը չէր վրիպել ոստիկանների աչքից` բռնել էին:
Նմանատիպ մի դեպք էլ հաջորդ օրը գրանցվեց Էրեբունու վարչական տարածքում:
Փետրվարի 7-ին, ժամը 12-ի սահմաններում, օգտվելով ավտոբուսի նեղվածքից, Դավիթ Բեկի փողոցի բնակիչ Գրգոր Ղավայանը ձեռքերի հմտությանն էր դիմել, մի տղամարդու գրպանից հափշտակել էր դրամապանակը, բայց գործն ավարտին հասցնել չէր կարողացել, Տիգրան Մեծի պողոտայում, ավտոբուսից իջնելիս դարձյալ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները բռնել էին նրան, Էրեբունու բաժին բերման ենթարկել:
Երկու դեպքում էլ ոստիկանները գողոնը ձեռքներին էին բռնել, կատարածը հերքելն անհնար էր:
Նազարեթյանը և Ղավայանը խոստովանական բացատրություններ են տվել:
Տուժողներից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր:
Քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս հատկապես այն վայրերում, որտեղ հասկանալի պատճառներով նեղվածք է, լինի շուկա, տոնավաճառ, թե երթուղային, պայուսակները, դրամապանակներն ու բջջային հեռախոսները պահել տեսադաշտում: