ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.02.2019 14:26
Գողությունն ավարտին չհասցրած` ոստիկանները բռնել էին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փետրվարի 7-ին, ժամը 3:30-ի սահմաններում, ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները Տաշիր քաղաքի Շահումյան փողոցում շրջայց կատարելիս նկատել էին կապոցները ձեռքներին` «Մերսեդես» մակնիշի մեքենային մոտեցող երկու երիտասարդի: Ոստիկաններին տեսնելով` նրանք ձեռքի եղածը մի կողմ էին նետել, փորձել էին փախչել, բայց իրավապահները հետապնդել, բռնել ու գողության փորձ կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել ոստիկանության Տաշիրի բաժին:
Քիչ անց պարզվեց նրանց ինքնությունը. Սպիտակի բնակիչ Արգամ Հովսեփյան և վանաձորցի Արթուր Աթաբեկյան:
Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզեցին նաև, որ կասկածյալները ժամը 3-ի սահմաններում, օգտվելով այն հանգամանքից, որ տանտերն արտասահմանում է, ապօրինի մուտք են գործել Խանջյան փողոցի առանձնատներից մեկն ու տունը տակնուվրա անելուց հետո հափշտակել` ոսկյա զարդ, ժամացույց, թվային ֆոտոխցիկ, երաժշտական կենտրոն, հագուստ ու կենցաղային իրեր:
Երկուսն էլ նախկինում դատապարտվել էին կողոպուտի, գողության, գողության փորձի համար, սակայն պատիժը կրելուց հետո կրկին բռնել էին հանցավոր ուղին:
Տանտիրոջ հարազատներից ընդունվել է հաղորդում:
Հովսեփյանի և Աթաբեկյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի` գողության փորձ կատարելու հոդվածի հատկանիշներով:
Նրանք կալանավորվել են:
Նախաքննությունը շարունակվում է: