ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.11.2018 11:26
Ոստիկանները հայտնաբերել են Ձորաղբյուր, Պտղնի և Նուռնուս գյուղերի առանձնատներից գողություններ կատարած անձանց
Նոյեմբերի 16-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողները, Ձորաղբյուր գյուղի ամառանոցային 50-րդ թաղամասում շրջագայություն կատարելիս, առանձնատներից մեկի մոտ կասկածելի ավտոմեքենա են նկատել: Քիչ անց, առանձնատան բակից մեքենային են մոտեցել երկու հոգի, որոնց ձեռքին պարկեր էին: Ոստիկաններին նկատելով՝ անհայտ անձինք դիմել են փախուստի:
Ոստիկանները հետապնդել են, և Ձորաղբյուր գյուղի սկզբնամասում հաջողվել է բռնել նրանցից մեկին: Քաղաքացին գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին: Պարզվել է նրա ինքնությունը՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Հովհաննես Ա.-ն էր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներով պարզվել է նաև, որ փախուստի դիմած մյուս անձը՝ նույնպես երևանցի, 33-ամյա Սինան Չ.-ն է: Նա բնակության վայրում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն:
Պարզվել է, որ Հովհաննես Ա.-ն ու Սինան Չ.-ն Ձորաղբյուր էին եկել գողություն կատարելու նպատակով:
Քննության ընթացքում պարզված նախնական տվյալներով՝ նախկինում էլ զույգը գողություններ է կատարել, որոնց թիվը հասնում է մի քանի տասնյակի: Բացի Ձորաղբյուր գյուղի առանձնատներից, գողություններ են արել նաև Պտղնի և Նուռնուս գյուղերում:
Նրանց բնակության վայրերի խուզարկությամբ հայտնաբերվել են մեծ թվով գողացված իրեր:
Հովհաննես Ա.-ն և Սինան Չ.-ն ձերբակալվել են:
Քննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: