ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.06.2016 12:51
ՉԿՐԱԿՎԱԾ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐ (միլիցիայի սերժանտ Արթուր Ներսիսյանի հիշատակին)
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի 1-ին գումարտակի միլիցիոներ, միլիցիայի սերժանտ Արթուր Ներսիսյանը զոհվեց 1992 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Ղոչազի բարձունքում:
Ղոչազի գրավումը օրախնդիր էր. պետք էր լռեցնել Գորիսը գնդակոծող կրակակետերը: Հարձակումը նախատեսված էր դեկտեմբերի 3-ին:
Հետախուզության տվյալներով՝ հակառակորդի ուժերը սակավաթիվ էին, մարտը կարճ էր տեւելու: Բայց առաջին իսկ կրակոցներից պիտի պարզվեր, որ հետախուզությունը սխալվել էր. հակառակորդի ուժերը գերազանցում էին տասնյակ անգամներ... Թշնամու ուղիղ նշանառության տակ գտնվող ջոկատին նահանջի հրաման է տրվում, սակայն սաստկացող հրաձգությունը դժվար էր դարձնում նահանջը, շրջապատման օղակը ավելի ու ավելի էր սեղմում մեր տղաներին...
Ծուղակում հայտնված 45 մարտիկներից 21-ը զոհվեցին... Արթուր Ներսիսյանը նրանցից մեկն էր:
Մեր տղաների մարմինները հայտնաբերվեցին ամիսներ անց՝ 1993-ի մարտի 18-ին, երբ Ղոչազի բարձունքը նվաճված էր...
Հիմա այդ տղաները հուշակոթող-հուշապատ են, հպարտ հիշողություն են ու հայրենասիրության, հերոսության դաս՝ սերունդների համար:
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի մարտիկ Արթուր Ներսիսյանի մասին ռեպորտաժը որոշեցինք սկսել ոստիկանության զորքերի 1033 զորամասից:
Մեր ստեղծագործական խումբը զորամաս գնաց այն պահին, երբ գունդը շարվել էր հերթափոխի...
Հուշապատից այն կողմ Եռաբլուրն է՝ այնպիսի տպավորություն է, որ այստեղ ամեն օր հայրենասիրության դաս են առնում զորամասի ծառայողները...
Հերթափոխն իր ծառայությանն է անցնում, մենք՝ մեր գործին:
Շալիկո Կարոյանն ու Էդվարդ Մոսիկյանը Արթուր Ներսիսյանի հետ մարտական ուղի են անցել միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի կազմում: «Արթուրը ուժեղ, անվախ երիտասարդ էր, վստահելի ընկեր, ով մարտադաշտում պատրաստ էր կրակն իր վրա վերցնել»,- ասում են նրանք ու հավելում՝ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի բոլոր տղաներն էին այդպիսին:
Հետո հիշում են 1992-ի թեժ մարտերը, ջոկատի տղաներին՝ Էրիկին, Հրաչիկին, Սարգսին, Ղուկասին, Արթուրին, մյուսներին... «Նաեւ այդ տղաների հերոսական ոգով են դաստիարկվել այսօր սահմանին կանգնած մեր զինվորները,- ասում է Շալիկո Կարոյանը, որ օրեր առաջ է վերադարձել առաջնագծից, ուր ծառայության էր մեկնել ոստիկանության հերթափոխի կազմում: - Մարտադաշտում մեր խնիդրը միայն հաղթելն էր, որ պատվով կատարեցինք»:
«Արցախյան ազատամարտում մենք կռվում էինք սուրբ գաղափարի համար: Մեր իդեալը Հայրենիքն էր, որ վտանգի մեջ էր...»,- ասում է Էդվարդ Մոսիկյանը:
... Արթուր Ներսիսյանն Արտաշատից էր: Այստեղ են ապրում նրա ընտանիքը, հարազատները, նրա գործը շարունակող որդին՝ Համլետը:
Գնում ենք Արտաշատ:
Այնպիսի տպավորություն է՝ ասես տանտերն է դիմավորում մեզ... Խրոխտ, հպարտ հայացքով իշխում է, հսկում...
Համլետը քսան օրական էր, երբ հայրը վերջին անգամ մեկնեց մարտադաշտ: «Չմտածես, կվերադառնամ, դու որդուս լավ նայիր»,- ասաց կնոջն ու...
Խոստմնազանց եղավ: Առաջի՛ն անգամ: Մնաց բարձունքում ընկերների՝ Էրիկի, Հրաչիկի, Ղուկասի, Սարգսի, մյուսների հետ...
«Դժվար է եղել անհայր մեծանալը: Բայց ես հպարտ եմ մեծացել, հատկապես, երբ հասկացա՝ ով էր հայրս: Հիմա մեծ պատասխանատվությամբ եմ ծառայում ոստիկանությունում ու վստահ եմ՝ հայրս գոհ է, հպարտ է ինձ համար, ինչպես ես՝ իր համար»,- ասում է Համլետը: Հետո ցույց է տալիս թանկագին պահուստը՝ երկու փամփուշտ...
«Երբ մերոնք Ղոչազը վերցրին, պապս գնացել էր Լաչին՝ հորս դիակը ճանաչելու եւ Արտաշատ տեղափոխելու: Այս փամփուշտները հայրիկիս գրպանում էին եղել: Երբ մեծացա, պապս տվեց, որ պահեմ: Պահում եմ... Վրեժի փամփուշտներ են, մեկ էլ տեսար՝ մի օր կրակեցին...»,- ասում է Համլետը:
Չկրակված փամփուշտներ... Հիմա դրանք յուրահատուկ խորհրդանիշ են Արթուր Ներսիսյանի որդու համար... Հայրենիքը ամեն ինչից վեր դասած հորից մնացած թանկ հիշողություն...
Իսկ Հայրենիքը զգացողություն է, բառ չէ, այն պետք է զգալ արյան բոլոր բջիջներով, հոգու բոլոր թելերով: Ինչպես հաղթանակներ կերտած, Հայրենիք պահած հերոս տղաները...
Հասմիկ ՊՈԴՈՍՅԱՆ