ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.05.2016 17:00
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Շվեյցարիայում
Մայիսի 3-ից 5-ը Շվեյցարիայի Համադաշնությունում էր գտնվում ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ Շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանի գլխավորությամբ: Այցը կազմակերպվել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ: Հանդիպման նպատակն էր քննարկել Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի և ՀՀ ոստիկանության միջև 2015 թ. համագործակցության արդյունքները, ինչպես և նախանշել 2016 թ. գործողությունների ծրագրի հիմնական ուղղություններն ու կազմակերպման ենթակա միջոցառումները:
Այցի շրջանակներում ոստիկանության պատվիրակությունը մի շարք հանդիպումներ ունեցավ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի գրասենյակում:
Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի ղեկավարի տեղակալ, դոկտոր Ֆիլիպ Ֆլյուրիի հետ հանդիպման ընթացքում ամփոփվեցին 2015 թ. ՀՀ ոստիկանության և ԶՈՒԺՎ Ժնևի կենտրոնի միջև ստորագրված տարեկան համագործակցության ծրագրով կատարված աշխատանքները:
Գոհունակությամբ նշելով արձանագրված արդյունքները, կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել արդյունավետ համագործակցությունը մի շարք ուղղություններով, մասնավորապես` վերապատրաստումների և կլոր սեղան քննարկումների միջոցով նպաստել ՀՀ ոստիկանության ծառայողների մասնագիտական հմտությունների զարգացմանը, ոստիկանության համակարգում կառավարման արդյունավետության բարձրացմանը, ուժային կառույցներում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, գենդերային քաղաքականության, ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և այլն:
Հանդիպումներ կազմակերպվեցին նաև ԶՈՒԺՎ Ժնևի Կենտրոնի Գենդերային քաղաքականության, Ընտանեկան բռնության դեմ պայքարի, միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի բաժիններում, հանգամանալից ներկայացվեցին Կենտրոնի կողմից իրականացվող մի շարք ոստիկանական ծրագրեր:
Այցի արդյունքում քննարկվեց և ստորագրվեց 2016 թ. Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև տարեկան համագործակցության ծրագիրը: