ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.04.2019 18:02
Կորյունի փողոցում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Հանցագործի մեծագույն խրախուսանքը հանցագործության նկատմամբ հասարակության անտարբերությունն է: Եվ այն, ինչ օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտեցին` դրա հերթական ապացույցն է:
Ապրիլի 1-ին Կորյունի փողոցում գործող արագ սննդի կետերից մեկում ավազակային հարձակում էր կատարվել: Լույսը դեռ չբացված մի տղամարդ էր մտել շուրջօրյա գործող խորտկարան, դանակի սպառնալիքով, գումար պահանջել, աշխատակցուհիներից մեկին հրել-գցել գետնին, և երբ աշխատող կանայք դիմադրել էին` փախել էր:
Կատարվածի վերաբերյալ ո՛չ այդ, ո՛չ էլ հաջորդ օրը ոստիկանությունում ահազանգ չստացվեց, թեև կասկածյալին ֆիքսել էին թե՛ արագ սննդի կետի, թե՛ հարևան խանութների տեսախցիկները: Հաղորդում տալու դեպքում կարելի կլիներ վերծանել տեսագրությունները, ավելի արագ հայտնաբերել ավազակային հարձակում կատարած անձին: Բայց իրավապահներին վիճակված էր հանցագործությունը բացահայտել այլ ճանապարհով:
Ապրիլի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում ստացված տեղեկություններն իրացնելով, քրեական հետախույզները Աբովյան քաղաքից, նշված ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով, վարչություն բերման ենթարկեցին նախկինում տարբեր հանցագործությունների համար մի քանի անգամ դատապարտված, Երևանի Անդրանիկի փողոցում հաշվառված Կորյուն Մխիթարյանին:
Մխիթարյանը խոստովանել է կատարածը:
Տուժողները ոստիկանություն են հրավիրվել: Նրանցից ընդունվել է հաղորդում:
Քննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: