ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.06.2014 14:40
Մամուլի ասուլիս ՀՀ ոստիկանությունում. Ֆրանսիացի ոստիկանները դրական ու արդյունավետ գնահատեցին Հայաստանի ճանապարհներին ու բնակավայրերում տեսադիտարկման և արագաչափ սարքերի գործարկումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի Հանրապետության ՆԳՆ 2014 թ. գործողությունների ծրագրի շրջանակներում՝ Ճանապարհային ոստիկանության ոլորտում տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի տեխնիկակական սպասարկման, ծրագրային ապահովման առաջավոր փորձի ուսումնասիրման նպատակով հունիսի 16-ին Հայաստան էին ժամանել Ֆրանսիայի ազգային ոստիկանության ճանապարհային ծառայության մայոր Քրիստոֆ Ռուժոն և լեյտենանտ Օլիվյե Բղեմոն:
Հյուրերը ոլորտի վերաբերյալ իրենց տպավորություններն ու կարծիքները ներկայացրին ոստիկանությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Ֆրանսիացի ոստիկանները դրական ու արդյունավետ գնահատեցին Հայաստանի ճանապարհներին ու բնակավայրերում տեսադիտարկման և արագաչափ սարքերի գործարկումը, ընդգծեցին համակարգի ներդրման գործընթացի արագությունը և նշեցին, որ այդ ոլորտում համագործակցությամբ հնարավոր կլինի ամբողջացնել ծրագիրը: Խոսքը, մասնավորապես, շարժական արագաչափերի մասին է, որոնց կիրառումը խիստ արդյունավետ է եղել Ֆրանսիայում:
Բանախոսները նշեցին, որ 2003 թվականին, երբ Ֆրանսիայում գործարկվեց տեսադիտարկման և արգաչափ սարքերի համակարգը, հասարակության մեջ թերահավատություն կար դրա արդյունավետության վերաբերյալ: Սակայն վիճակագրությունն ինքնին խոսուն է՝ 1974 թվականին Ֆրանսիայում ճանապարհային պատահարների հետևանքով զոհվել է 18 հազար մարդ, 2003-ին, համակարգի ներդրումից հետո, արձանագրվել է մահվան 8000 դեպք, իսկ 2013 թվականին՝ 3200:
Համակարգի կիրարկումից հետո մահացության և վթարների ծանրության գործակցի նվազում է արձանագրվել նաև Հայաստանում:
Քրիստոֆ Ռուժոն և Օլիվյե Բղեմոն, դիտարկումներից ու փորձագիտական եզրակացություններից բացի, ընդգծեցին նաև հայ գործընկերների հետ փորձի փոխանակման կարևորությունը, մասնավորապես՝ համացանցում սեփական խախտումը դիտելու՝ վարորդների հնարավորությունը, ինչը ցանկալի է կիրառել նաև Ֆրանսիայում:
Հայ ճանապարհային ոստիկաններն իրենց հերթին պատրաստ են քննարկել շարժական արագաչափերի կիրառման առաջարկը, ինչը թույլ կտա արագությունը վերահսկել ոչ միայն ստացիոնար արագաչափերի տիրույթում, այլև ողջ ճանապարհին:
Ֆրանսիացի ճանապարհային ոստիկանները բարձր գնահատեցին նաև վարորդական վկայականների և ավտոմեքենաների համարանիշերի տրամադրման գործընթացի արագությունը, ինչպես և նշեցին, որ հայ գործընկերներին առաջարկել են, Ֆրանսիայի փորձով, հատուկ տարբերանշաններ փակցնել սկսնակ վարորդների մեքենաների վրա:
Քրիստոֆ Ռուժոն և Օլիվյե Բղեմոն պատասխանեցին լրագրողների բոլոր հարցերին և ինչպես զանգվածային լրատամիջոցների ներկայացուցիչներին, այնպես էլ բոլոր քաղաքացիներին կոչ արեցին առավելագույնս օժանդակել ոստիկանությանը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում, որի արդյունքը փրկված մարդկային կյանքերն են: