ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.01.2016 18:49
Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Շարունակելով ավանդույթը՝ 2016 թվականի հունվարի 12-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին:
Զանգահարել է Մեծ Բրիտանիայում գտնվող Հայաստանի քաղաքացին և տեղեկացրել, որ բնակվելով այդ երկրում՝ փոխել է իր ազգանունն ու երեխայի անունը, և ցանկանում է Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալ փոփոխված տվյալներով:
Նրան տեղեկացվել է, որ եթե ազգանունը չի փոխվել ամուսնության հիմքով, ապա նախ անհրաժեշտ է դիմել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին՝ փոփոխություններ կատարելու համար, ստանալ նոր ծննդյան վկայական, այնուհետև անհատական տվյալների փոփոխման հիմքով դիմել դիվանագիտական ծառայություն կամ Հայաստանում գտնվելու դեպքում՝ անձնագրային ծառայություն՝ նոր անձնագիր ստանալու համար: Նման ընթացակարգը պայմանավորված է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով, համաձայն որի՝ անվան փոխումը ենթակա է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում պետական գրանցման:
Ռուսաստանից զանգահարած երկու քաղաքացիները հայտնելով, որ իրենցից մեկի երեխան 5 տարեկան է, իսկ մյուսինը՝ 8 ամսական, խնդրել են պարզաբանել հետևյալը. ցանկանում են վերադառնալ Հայաստան, սակայն երեխաների համար անձնագրեր չունեն: Քաղաքացիները տեղեկացրել են նաև, որ բնակվում են դիվանագիտական ծառայությունից բավականին հեռու և մեծ դժվարություն է ներկայանալ այնտեղ:
Ոստիկանության ներկայացուցիչը նրանց մանրամասն պարզաբանել է դիվանագիտական ծառայություն դիմելու եղանակով անձնագիր, ինչպես և վերադարձի վկայական ստանալու կարգի մասին: Բացի այդ, որպես խնդրի լուծման եղանակ, նրանց առաջարկվել է հետևյալ ընթացակարգը: Հայաստանում գտնվելու դեպքում երեխայի անձնագիր ստանալու դիմում ներկայացնելու համար պարտադիր չէ երկու ծնողի ներկայությունը անձնագրային ծառայություն: Անհրաժեշտ է ներկայացնել երեխայի երկու գունավոր լուսանկար, ծննդյան վկայական, ամուսնության վկայականը և դիմող ծնողի անձնագիրը:
Զանգահարել է Հայաստանում բնակվող Ռուսաստանի քաղաքացին և տեղեկացրել, որ դեռևս 180 օրը չի լրացել մեր երկիր մուտք գործելուց հետո: Ցանկանում է ստանալ Հայաստանի քաղաքացիություն և խնդրել է պարզաբանել, թե կա՞ արդյոք այլ պետության քաղաքացու կողմից Հայաստանի քաղաքացություն ստանալու իրավական արգելք:
Նրան պարզաբանվել է, որ արգելված չէ երկքաղաքացիությունը, այլ պետության քաղաքացին իրավասու է դիմել Անձնագրային և վիզաների վարչություն՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու համար: Իսկ քաղաքացիության շնորհման հարցը լուծվում է ՀՀ Նախագահի հրամանագրով՝ վեցամսյա ժամկետում, նախկինում օրենքով սահմանված մեկտարյա ժամկետի փոխարեն:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հունվարի 19-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: