ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.07.2014 12:14
Սփյուռքահայ երեխաները հյուրընկալվեցին ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հուլիսի 18-ին ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամաս էին այցելել ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած սփյուռքահայ 220 երեխաներ։
Հյուրերին, որոնց զորամաս էր ուղեկցել Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, շարահրապարակում դիմավորեցին զորամասի հրամանատար, գնդապետ Գուրգեն Գրիգորյանը և ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Բաբայանը։
Զորամասի հրամանատարը սփյուռքահայ երեխաներին փոխանցելով ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ողջույնի խոսքը` շնորհավորեց հայրենիքում գտնվելու կապակցությամբ և հավաստիացրեց, որ զորամասը նույնպես նրանց տունն է։
Սփյուռքահայ պատանիներն ու աղջիկները ծաղիկներ դրեցին Արցախյան ազատամարտում զոհված հերոսների և զորամասի զոհված ծառայողների հուշապատի մոտ, Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռում մոմ վառեցին և աղոթեցին:
Այնուհետև երեխաները ծանոթացան զորամասի առօրյային, ականատես եղան զինավարժանքներին, մասնակցեցին կրակային պատրաստականության բաց դասին, ապա ճաշեցին զինվորական ճաշարանում:
Սերժ Սրապիոնյանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ ՀՀ ոստիկանության բոլոր ծառայությունները մշտապես աջակցում են Սփյուռքի նախարարության ծրագրերի իրականացմանը։
Այցն ավարտվեց համերգային ծրագրով։