ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.03.2019 16:23
Ոստիկանները բացահայտել են Քաջարանում կատարված բնակարանային գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փերտրվարի 28-ի գիշերը Քաջարանի Շահումյան փողոցի շենքերից մեկում բնակարանային գողություն էր կատարվել: Օգտվելով տանտերերի բացակայությունից` ինչ-որ մեկը հարմարեցված բանալիով բացել էր բնակարանի դուռը, ննջարանի զգեստապահարանից հափշտակել 3.750.000 դրամ ու հեռացել: Գողության մասին ահազանգը ոստիկանության Կապանի բաժնում ստացվեց օպերատիվ կառավարման կենտրոնից. տուն վերադարձած տանտերը 1-02 էր զանգել: Դեպքի վայրում իրավապահները համապատասխան ուսումնասիրություններ արեցին: Տարբեր վարկածներ առաջ քաշվեցին ու հերքվեցին: Տուժողը ոչ ոքի չէր կասկածում: Բանավոր և գրավոր փաստարկումները ստուգելուց ու վերլուծելուց հետո քրեական հետախույզները լայնածավալ որոնողական աշխատանքներ սկսեցին: Հետաքննություն իրականացնող մարմինը ձեռնարկեց օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները, և ջանքերն ապարդյուն չանցան: Հաղորդումից ժամեր անց, առանձնապես խոշոր չափերի գողությունը, որը կատարվել էր բնակարան ապօրինի մուտք գործելով` բացահայտվեց:
Նույն օրը, ժամը 23-ի սահմաններում, Քաջարանի Աբովյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կապանի բաժին բերման ենթարկվեց Քաջարանի բնակիչ Արթուր Հովսեփյանը: Ավելի ուշ Հովսեփյանը ոչ միայն խոստովանեց կատարածը, այլև քննչական փորձարարության ժամանակ ներկայացրեց, թե որտեղ է թաքցրել գողոնը: Հարևանի տան մոտակայքում գումարը նավթի տարայի մեջ էր պահել:
Արթուր Հովսեփյանը ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները քննելու և պարզելու ուղղությամբ: Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: