ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.02.2019 10:43
Ոստիկանության վետերանները Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումներ անցկացրին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նաև գիրք նվիրելու օր է, ու այդ գեղեցիկ ավանդույթից անմասն չմնացին նաև ոստիկանության վետերանները։
Ոստիկանության Երևան քաղաքի վետերանների խորհուրդը մի շարք դպրոցներում և գրադարաններում կազմակերպել էր գրքերի նվիրատվություն։
Գիրք նվիրելու և Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված հետաքրքիր միջոցառում էին նախաձեռնել Արաբկիր վարչական շրջանի վետերան ոստիկանները։
Ավետիք Իսահակյանի գրադարանի տնօրինության հետ համատեղ անցկացվեց գրական-երաժշտական ցերեկույթ, որին մասնակցում էին գրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, դպրոցականներ, պարզապես ընթերցասեր մարդիկ։
Ոստիկանության Երևան քաղաքի վետերանների խորհրդի նախագահ Գեղամ Օհանյանն իր խոսքում կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը, նաև վստահեցրեց, որ ոստիկանության և հասարակություն կապը նաև այդ միջոցառումներով է ամրապնդվում։
Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հ. Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով ոստիկանության վետերաններին, հավաստիացրեց, որ համագործակցությունը պարբերական բնույթ կկրի։
Ոստիկանության վետերանները գրքեր նվիրեցին գրադարանին, իսկ դպրոցականներն իրենց գեղեցիկ ելույթներով ամփոփեցին միջոցառումը։