ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.11.2017 19:29
Ոստիկանները բացահայտեցին վարկային կազմակերպությունում տեղի ունեցած ավազակային հարձակումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 28-ին, ժամը 18.40-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն «Varks.am» կազմակերպության Մաշտոցի պողոտայի մասնաճյուղից ահազանգ ստացվեց: Աշխատակցուհին հայտնեց, որ զինված մարդ է ներս մետել ու գումար հափշտակել: Պարզվեց, որ հարձակվողը եղել է գլխարկով, դեմքին՝ բժշկական դիմակ, ձեռքում էլ՝ ատրճանակի նմանվող առարկա: Նա մոտեցել էր պատուհաններից մեկին ու սպառնալով փող էր պահանջել: Աշխատակցուհին նրա տված տոպրակն էր լցրել դրամարկղի գումարը, նախնական տվյալներով՝ 292 հազար դրամ, ու տվել հարձակվողին: Դեպքի պահին մասնաճյուղում եղել են կազմակերպության 6 աշխատակից, նաև 2 հաճախորդ, որոնք նրա դեմքը չէին տեսել:
Ավազակային հարձակման փաստով քրեական գործ հարուցվեց: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների քրեական հետախույզները համատեղ միջոցառումներով պարզեցին հարձակվողի ինքնությունը:
Դեպքից երկու օր հետո՝ նոյեմբերի 30-ին, Իսակովի պողոտայում հայտնաբերվեց և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկվեց Փայլակ Մարտիրոսյանը:
24-ամյա Մարտիրոյանը Լոռու մարզի Նորաշեն գյուղից է: Ընդամենը երկու ամիս առաջ ընդունվել է ոստիկանության կրթահամալիրի քոլեջ:
Մակարովի նմանվող օդամղիչ ատրճանակը հայտնաբերվել է նրա խուզարկությամբ: Օդամղիչ ատրճանակը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է: Այն ուղարկվել է փորձաքննության:
Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են:
Փայլակ Մարտիրոսյանը ձերբակալվել է:
Ավազակային հարձակման հանագամանքները պարզվում են: