ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.01.2019 17:02
Վալերիյ Օսիպյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հետ

Հունվարի 7-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Կալմուխանբետ Կասիմովի հետ:
Գործընկերները քննարկել են հունվարի 1-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի ու սպանության մանրամասներ, ինչի մեջ կասկածվում են հայեր ու նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Կալմուխանբետ Կասիմովը հայ գործընկերոջը վստահեցրել է, որ անց է կացվելու արդար քննություն և դրա շրջանակում բոլոր գործողություններն իրականացվելու են օրենքի տառին համապատասխան:
Կողմերը խոսել են նաև Կարագանդայում հունվարի 6-ին տեղի ունեցած ցույցերի մասին, որոնց վերաբերյալ տեղեկությունը տարածում գտավ նաև միջազգային լրահոսում:
Ղազախստանի ներքին գործերի նախարարը հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ բողոքի ակցիաները ազգամիջյան բնույթ չեն կրել, եղել են ոչ մեծաքանակ ու գտնվել են իրավապահների հսկողության տակ. Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը վերահսկում է իրավիճակը:
Հեռախոսազրույցի ընթացքում հայ և ղազախ գործընկերները քննարկել են նաև երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր: