ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.11.2016 15:50
Ստորագրվեց ձկան և խեցգետնի որսի արգելքին ուղղված եռակողմ միջոցառումների ծրագիրը
Նոյեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման ժամանակահատվածում իրականացվելիք երեք գերատեսչությունների` բնապահպանության նախարարության, ոստիկանության և Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ միջոցառումների ծրագրով նախատեսված փոխգործակցության մեխանիզմները:
Խորհրդակցությանը մասնակցել են բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, գերատեսչությունների պատասխանատու ստորաբաժանումների, Սևանա լճի հարակից համայնքների ղեկավարները:
ՀՀ բնապահպանության նախարարի համապատասխան հրամանով նախատեսված է իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը և 2017 թվականի հունվարի 6-ից մինչև հունվարի 20-ը ժամանակավորապես դադարեցնել Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան ու խեցգետնի որսը:
Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ երեք գերատեսչությունների ղեկավարների ստորագրած համատեղ միջոցառումների ծրագրով նախատեսված է փակել Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհները և տեղակայել հսկիչ կետեր, իրականացնել «Սևան» ազգային պարկի տարածքից լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերումը, սահմանել շուրջօրյա հերթապահություն` մշտական կապ պահպանելով իրավապահ մարմինների հետ, արգելել բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ:
Նախատեսվում է նաև Սևանա լճի մերձակա համայնքների բնակչության հետ տանել համապատասխան բացատրական աշխատանք, միաժամանակ սահմանելով խիստ հսկողություն այդ համայնքների հարակից տարածքներով հոսող գետերի հունի երկայնքով: Միաժամանակ շարունակվելու են Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում, կազմակերպվելու են ստուգայցեր նաև Սևանա լճի վրա և «Սևան» ազգային պարկի տարածքում:
Խորհրդակցության ժամանակ տրվել են համապատասխան հանձնարարականներ, պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանել շուրջօրյա հսկողություն, յուրաքանչյուր տասնօրյակը մեկ անցկացնել համատեղ խորհրդակցություններ` կատարված աշխատանքների ամփոփման նպատակով: