ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.05.2019 10:18
Ոստիկանները կարճ ժամանակում բացահայտել են գիշերը Երևանում տեղի ունեցած սպանությունը
Մայիսի լույս 1-ի գիշերը, 3-ն անց 35-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել մոտ 30 տարեկան տղամարդիկ, որոնք դանակահարված են։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզեց նրանց ինքնությունը․ Երևանի բնակիչներ 32-ամյա Գուրգեն և 30-ամյա Գևորգ Գրիգորյաններն էին։ Եղբայրներից կրտսերը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացավ։
Տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ հարուցվեց սպանության հատկանիշներով։ Առանձնապես ծանր հանցագործության բացահայտմանը միացան ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների, ինչպես և պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողները։ Համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին սպանությունը՝ պարզելով կատարվածի մի շարք հանգամանքներ։ Շուտով հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի Շահամիրյանների փողոցի 11 շենքի հետնամասում։ Լույսը դեռ չբացված՝ ոստիկանության ծառայողները պարզեցին կասկածյալի ինքնությունը, որը հայտնաբերվեց իր բնակարանում ու բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։ 31-ամյա տղամարդուն ոստիկանները ներկայացրին դեպքի նախաքննությունը վարող քննչական բաժին, որտեղ նա ձերբակալվեց։
Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։
Կատարվում է նախաքննություն։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: