ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.04.2015 16:12
Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ
Ապրիլի 7-ին արտերկրի մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացուհին հայտնել է, որ իր անձնագրի վավերականության ժամկետը լրացել է 2007 թվականին և ցանկանում էր տեղեկանալ, թե կարո՞ղ է անձնագիրը երկարաձգվել ևս 5 տարով: Նրան պարզաբանվել է, որ անձնագրի վավերականության ժամկետը մեկ անգամ 5 տարով երկարաձգելու ընթացակարգը ներկայումս գործում է, սակայն տվյալ դեպքում հաշվի առնելով, որ անձնագրի ընդհանուր վավերականության ժամկետն արդեն իսկ լրացել է 2012 թվականին, ուստի անհրաժեշտ է դիմել նոր անձնագիր ստանալու համար: Քաղաքացուհուն հետաքրքրում էր նաև հետևյալ հարցը. անձնագիրը ստանալիս նշվել էր ամուսնու ազգանունը, քանի որ ամուսնանալուց հետո, ըստ փաստաթղթերի, ինքը ընդունել էր այն: Ամուսինը մահացել է, նոր անձնագիր ստանալիս կարո՞ղ է ընդունել նախկին ազգանունը: Պարզաբանվել է, որ անհատական տվյալների փոփոխման հիմքով նոր անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել փոփոխությունը հիմնավորող ապացույց: Նշված դեպքում անհրաժեշտ է դիմել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին՝ ազգանվան փոփոխման համար, այնուհետև համապատասխան փաստաթղթով ներկայանալ անձնագրային ծառայություն:
Օտարերկրյա պետությունում գտնվող մեկ այլ քաղաքացի տեղեկացրել է, որ աղջկա անձնագրի և օտարերկրյա պետությունում վավերականության նշման ժամկետները լրանում են երկու ամսից, աղջիկը ցանկանում է վերադառնալ Հայաստան: Կարո՞ղ է նա դիմել անձնագրային ծառայություն՝ վավերականության ժամկետները երկարաձգելու խնդրանքով, եթե բնակչության պետական ռեգիստրում չունի հաշվառում: Նրան տեղեկացվել է, որ անձնագիր տրամադրելու համար ՀՀ օրենսդրության համաձայն՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալը պարտադիր է, իսկ անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու և անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար՝ ոչ: Տվյալ դեպքում, պետք է դիմել ոչ թե անձնագրային ծառայություն, այլ անձնագրային և վիզաների վարչություն:
Օտարերկրյա պետությունում գտնվող մեկ այլ քաղաքացի էլ հայտնել է, որ անձնագրի վավերականության ընդհանուր ժամկետը լրացել է և ցանկանում է ստանալ նոր անձնագիր: Խնդրում էր տեղեկացնել, թե հնարավո՞ր է այն ստանալ լիազորված անձի միջոցով: Քաղաքացուն պարզաբանվել է գործող կարգը, համաձյան որի՝ 16 տարին լրացած գործունակ քաղաքացին անձնագիր ստանալու համար պետք է դիմի անձամբ:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա ապրիլի 14-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: