ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.05.2016 18:27
Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայիսի 31-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին:
Հայաստանից զանգահարած քաղաքացին հայտնել է, որ հայրը բնակվում է Ռուսաստանում, Հայաստանի քաղաքացու անձնագիրը ստացել է 1997 թվականին և ցանկանում է տեղեկանալ, թե հնարավո՞ր է երկարաձգել անձնագրի վավերականության ժամկետը: Քաղաքացուն տեղեկացվել է, որ հին նմուշի անձնագրի 15 տարվա առավելագույն վավերականության ժամկետն անցնելու կապակցությամբ հնարավոր չէ այն երկարաձգել: Անձը պետք է դիմի օտարերկրա պետությունում գտնվող Հայաստանի դիվանագիտական ծառայություն՝ անձնագիրը փոխանակելու համար: Կարող է դիմել նաև վերադարձի վկայական ստանալու պահանջով և նշված գործողության համար դիմել Հայաստանում ցանկացած անձնագրային ծառայություն:
Հայաստանում բնակվող օտարերկյա պետության քաղաքացին տեղեկացրել է, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է դեռևս 2010 թվականին և ՀՀ նախագահի կողմից նրան արդեն շնորհվել է քաղաքացիություն: Առողջական խնդիրներով պայմանավորված՝ չի կարողացել ներկայանալ Անձնագրային և վիզաների վարչություն և ցանկանում է տեղեկանալ, թե քաղաքացիություն շնորհվելուց հետո շուրջ 6 տարի անց կարո՞ղ է դիմել հիմա: Տեղեկացվել է, որ Հայաստանի նախագահի կողմից քաղաքացիություն շնորհվելուց հետո երդման արարողությանը մասնակցելու և դրանից հետո անձագիր ստանալու համար որևէ ժամկետային սահմանափակում չկա: Անձը կարող է դիմել ցանկացած ժամանակ:
Կապ է հաստատվել նաև Ամասիայի անձնագրային ծառայության ղեկավարի հետ, որպեսզի քաղաքացին միաժամանակ իր հետ ներկայացնի բնակության վայրում հաշվառման վերցվելու հիմքերը՝ լրացուցիչ ծախսերից խուսափելու և գործընթացը մեկ փուլով պարզեցնելու համար:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հունիսի 7-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: