ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.11.2016 17:17
Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ
Նոյեմբերի 29-ին մեր հայրենակիցները ավանդույթի համաձայն Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանին:
Ռուսաստանից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ ծնվել է 1988 թ.-ին Հայաստանում, այնուհետև ծնողների հետ տեղափոխվել են ՌԴ: Ներկայումս ՌԴ քաղաքացիություն ստանալու համար իրենից պահանջում են ՀՀ քաղաքացիության վերաբերյալ տեղեկանք: Քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ, թե նշված խնդրով որ մարմնին կարող է դիմել:
Պարզաբանվել է գործող կարգը, համաձայն որի՝ կարող է դիմել ՌԴ-ում գտնվող ՀՀ դիվանագիտական ծառայություն կամ լիազորված անձի միջոցով՝ Անձնագրային և վիզաների վարչություն: Հյուպատոսական ծառայություն դիմելու դեպքում նյութերը Արտաքին գործերի նախարարության միջոցով կփոխանցվի ԱՎՎ: Համապատասխան ուսումնասիրության արդյունքում տեղեկատվությունը նույն ճանապարհով կփոխանցվի հյուպատոսական ծառայություն, որպեսզի տրվի պահանջվող տեղեկատվությունը:
Լիազորված անձի միջոցով ԱՎՎ դիմելու դեպքում տեղեկատվությունը կտրամադրվի լիազորված անձին:
Զանգահարել է ՀՀ-ում բնակվող քաղաքացին և տեղեկացրել, որ իր ազգականը ընտանիքի հետ միասին ներկայումս բնակվում է ՌԴ-ում: Ունեցել են իրենց 4-րդ երեխան: Սոցիալական ծառայությունից համապատասխան դրամական օգնություն ստանալու համար պահանջվում է երեխաների հանրային ծառայությունների համարանիշերը: Երեխայի հայրը ցանկանում է վերադառնալ Հայաստան, փաստաթաղային հարցերը լուծելու համար: Քաղաքացին տեղեկացրել է նաև, որ բոլոր երեխաները ՀՀ քաղաքացիներ են և ունեն ՀՀ քաղաքացու անձնագրեր: Երեխաներից մեկը 17 տարեկան է, իսկ երկուսը չափախաս են՝ 18-ից բարձր տարիքի:
Պարզաբանվել է ՀՀ օրենսդրության պահանջները, համաձայն որի՝ 16 տարին լրացած լինելու դեպքում հանրային ծառայությունների համարանիշ ստանալու դիմումը ներկայացնում է անձամբ քաղաքացին կամ նրա կողմից լիազորված անձը: Ընդ որում լիազորագրի համար պարտադիր նոտարական վավերացում չի պահանջվում:
Զանգահարել է օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին և տեղեկացրել, որ անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար ցանկանում է դիմել օտարերկյա պետությունում գտնվող հյուպատոսական ծառայությանը: Ցանկանում էր տեղեկանալ նշված գործողության համար պետական տուրքի ինչ դրույքաչափեր են գործում:
Քաղաքացուն պարզաբանվել է, որ թեև հյուպատոսական ծառայությունները ՀՀ ոստիկանության կառուցվածքում չեն, այնուամենայնիվ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված են դրույքաչափեր, որոնք տարբերվում են Հայաստանում դիմելու դեպքում օրենքով սահմանված դրույքաչափերից: Մասնավորապես, օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը մինչեւ երկու տարի ժամկետով երկարաձգելու համար սահմանված է պետական տուրք 10.000 դրամի չափով, իսկ երկու տարուց ավել ժամկետով երկարաձգելու համար՝ 20.000 դրամի չափով: Տեղեկացվել է նաև, որ մանրամասն տեղեկությունները զետեղված են ԱԳՆ www.mfa.am պաշտոնական կայքի «Հյուպատոսական ծառայություն» բաժնի «Պետական տուրքի դրույքաչափեր» ենթաբաժնում:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: