ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.03.2015 17:42
Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարտի 17-ին արտերկրի մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
ՌԴ Ռոստով քաղաքի օդանավակայանից զանգահարած Հայաստանի քաղաքացին հայտնում էր, որ անձնագրի վավերականության ժամկետը դեռ չի լրացել, սակայն այն օգտագործման համար ոչ պիտանի է, և ցանկանում էր տեղեկանալ, թե կարո՞ղ է առանց Հայաստան վերադառնալու նոր անձնագիր ստանալ: Նրան պարզաբանվել է, որ քաղաքացին անձնագիրը կարող է փոխանակել նաև այն դեպքում, երբ օգտագործման համար ոչ պիտանի է՝ անկախ այն հանգամանքից վավերականության ժամկետը լրացել է, թե ոչ: Անձնագրի փոխանակման համար կարելի է դիմել ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայություն:
Հայաստանից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ բնակարանի սեփականատերն իրեն հանել է հաշվառումից, ինքը ցանկանում է անձնագիր ստանալ, սակայն նոր բնակության վայրի սեփականատերը համաձայնություն չի տալիս հաշվառվելու համար: Քաղաքացուն նախ պարզաբանվել է ՀՀ օրենսդրության պահանջները, համաձայն որի՝ սեփականատիրոջ համաձայնությամբ հաշվառման գործընթացը որևէ ձևով չի կարող ոչ բարենպաստ հետևանք առաջացնել սեփականատիրոջ իրավունքի իրացման համար: Տվյալ բնակելի տարածության սեփականատերը ցանկացած ժամանակ կարող է հաշվառումից հանել իր համաձայնությամբ հաշվառված անձին: Այնուամենայնիվ, այն դեպքում, երբ սեփականատերը ներկայացնում է գրավոր առարկություն բնակվող անձին հաշվառելու համար, բնակչության պետական ռեգիստրում նշում է կատարվում անձի գտնվելու վայրի մասին՝ օրինակ, նշելով շենքը, փողոցը (առանց բնակարանը նշելու):
Ֆրասիայից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ իր երեխաների ծննդյան վկայականներում իր ազգանվան ֆրանսերեն և անձնագրի անգլերեն տարբերակների միջև կան որոշակի հակասություններ, ինչը երեխաների համար ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու խոչընդոտ է հանդիսանում: Ոստիկանության ներկայացուցիչը տեղում կապ է հաստատել Արտաքին գործերի նախարարության ներքին աուդիտի բաժնի պետ հետ և փոխանցել քաղաքացու կոնտակտային տվյալները՝ խնդիրը ուսումնասիրելու և լուծման հնարավոր տարբերակներ գտնելու համար:
Օտարերկրյա պետությունում գտնվող մեկ այլ քաղաքացի էլ հայտնելով, որ բացի այլ երկրի քաղաքացիությունից՝ ունի նաև Հայաստանի քաղաքացիություն, ցանկանում էր տեղեկանալ, թե ՀՀ-ում բնակվելու համար որևէ ժամկետային սահմանափակում կա՞ իր համար, թե ոչ: Նրան պարզաբանվել է, որ երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես ՀՀ քաղաքացի: Հետևաբար Հայաստանում կարող է բնակվել առանց ժամկետային սահմանափակման:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա մարտի 24-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: