ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.03.2013 17:42
Սեմինար-խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում շարունակվում են բարեփոխումները, որոնց արդյունավետությունը բարձրացնելու, աշխատակիցների գիտելիքները զարգացնելու համար պարբերաբար կազմակերպվում են սեմինար-խորհրդակցություններ:
Մարտի 28-ին ոստիկանության հերթապահ մասերի պետերի մասնակցությամբ անցկացված հերթական սեմինար-խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին նաև ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամները, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ողջունելով մասնակիցներին` նախ շնորհակալություն հայտնեց փոփոխություններին արձագանքելու եւ նոր մոտեցումներն արագ կյանքի կոչելու համար: Իհարկե, դեռ կան թերություններ, որոնք վերացնելուն էլ ուղղված են սեմինարները: Այսօր, փաստորեն, ոստիկանության հերթապահ մասերի կարգավիճակն ու դերն է բարձրացվել, նրանց են հանձնվել նաեւ ՁՊՎ-ները` ձերբակալվածների պահման վայրերը, ինչը ենթադրում է նաեւ պատասխանատվության բարձրացում:
Կարեւորելով ոստիկանության հերթապահ մասերի դերը քաղաքացիների վստահությունը ձեռք բերելու գործում` Վլադիմիր Գասպարյանը հատուկ ուշադրություն հրավիրեց քաղաքացիներից հաղորդումներ ընդունելու ընթացակարգին, նաեւ այն հոգեբանական խնդիրներին, որ կարող են ծագել հայտարարություն տվողների հետ:
Հանդիպման վերջում Վլադիմիր Գասպարյանը հաջողություն մաղթեց սեմինար-խորհրդակցության մասնակիցներին` հույսով, որ ոստիկանությունում կատարվող բարեփոխումները կյանքի կկոչվեն սրտացավ ու բանիմաց, պրոֆեսիոնալ ոստիկանների ուժերով:

