ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.04.2014 14:32
ՌԴ Թմրամիջոցների շրջանառության նկատմամբ վերահսկողության դաշնային ծառայության պաշտոնատար անձինք ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ապրիլի 11-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանն ընդունեց Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում համագործակցությունն ամրապնդելու և այդ ուղղությամբ կոնկրետ միջոցառումներ նախաձեռնելու նպատակով ապրիլի 9-ին Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության նկատմամբ վերահսկողության դաշնային ծառայության պաշտոնատար անձանց` ոստիկանության գնդապետներ Ալեքսեյ Նոսովին և Ալեքսանդր Պոստոյուկին:
Ընդունելության ընթացքում ռուս գործընկերները ներկայացրին համագործակցության իրենց դիտարկումներն ու առաջարկությունները` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարբեր ուղղություններով, ինչպես և Ռուսաստանի Դաշնության համապատասխան ծառայության փորձն ու ձեռքբերումները միջազգային համագործակցության ոլորտում:
Հունան Պողոսյանը Ալեքսեյ Նոսովին և Ալեքսանդր Պոստոյուկին հանձնեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներ, որոնցով նրանք պարգևատրվել են ՀՀ ոստիկանության պետի հրամանով` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ՀՀ ոստիկանության հետ ակտիվ համագործակցություն իրականացնելու համար:
Աշխատանքային այցի ընթացքում ռուս գործընկերները մի շարք կարևոր հարցեր են քննարկել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում և համագործակցությունը ամրապնդելու ու զարգացնելու ուղղությամբ ներկայացրել կոնկրետ առաջարկություններ: